«Տոտենհեմի» պաշտպան Էրիկ Դայերն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն, 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր Անգլիայի Պրեմիեր լիգայից և իտալական Ա Սերիայից: Լոնդոնյան թիմը պատրաստ կլինի բաժանվել անգլիացուց հունվարին, քանի որ նա ամռանը կարող է հեռանալ ակումբից՝ ազատ խաղացողի կարգավիճակում:
Դայերը «Տոտենհեմում» խաղում է ինը տարի (2014 թվականից)։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում «Տոտենհեմի» կազմում անցկացրել է ընդամենը երեք հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը: Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 12 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» կարող է բաժանվել դանիացի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգից։