«Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կարծում է, որ լոնդոնյան ակումբն այս մրցաշրջանում կհաղթի Պրեմիեր լիգան:
«Մրցաշրջանում այս պահին յուրաքանչյուր միավոր կարևոր է: «Արսենալը» մի քանի դժվարին հանդիպումներ ունեցավ, որոնցում նրանք երեք միավոր վաստակեցին։ Այդպես են խաղում չեմպիոնները, և նրանք դա ապացուցում են: Բայց մրցաշրջանի ավարտը միշտ ամենադժվարն է լինում։
Հետաքրքիր կլինի դիտել սա, բայց անձամբ ես կարծում եմ, որ «Արսենալը» դեռ կհաղթի Պրեմիեր լիգան։ Սա վաղուց չի եղել, այնպես որ ես ուրախ կլինեմ, եթե նրանք հասնեն դրան»,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
28 տուրից հետո «Արսենալը» 69 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Մեկ հանդիպում պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթին» լոնդոնցիներին զիջում է ութ միավորով։