Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վաղը կընդունի ղազախական «Կայրաթին»:
Ալամաթիում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի:
Նախախաղային ասուլիսին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ ներկայացավ կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը.
«Տեխնիկապես պատրաստված լավ ֆուտբոլիստներ ունի մրցակիցը: Ուշադիր պետք է լինենք, հատկապես՝ Վագներ Լավի նկատմամբ: Ֆիզիկապես շատ լավ պատրաստված թիմ է: Չպետք է թույլ տանք, որ մրցակիցը ազատ գործի:
Կարծում եմ, որ վաղն այլ «Կայրաթ» կտեսնենք: Առաջին խաղում լավ հանդիպում անցկացրինք, վաղը պատրաստվում ենք էլ ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել»,-ասաց Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելություն տվող կանոնն այլևս չի գործում:
«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կապահովի տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու կմրցի Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսի» հետ: