«Լոս-Անջելեսը» դարձել է MLS-ի Արևմտյան կոնֆերենցիայի փլեյ-օֆֆի երկրորդ ֆինալիստը: Կիսաեզրափակչի խաղում կանոնավոր առաջնության հաղթողները սեփական հարկի տակ 5:3 հաշվով առավելության են հասել «Լոս-Անջելես Գելաքսիի» նկատմամբ:
Տանտերերի կազմում գոլերից մեկն իր ակտիվում գրանցել է Դիեգո Ռոսի Մարաշլյանը, որը նաև երկու գոլային փոխանցման համահեղինակ է դարձել: Ռոսին մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Ռոսին մրցակցի դարպասը գրավել է 66-րդ րոպեին Վելայի փոխանցումից հետո ու առաջ մղել իր թիմին (3:2):
«Լոս-Անջելեսի» կազմում դուբլով աչքի են ընկել Կառլոս Վելան և Ադամա Դիոմանդեն:
«Գելաքսիի» առաջատար Զլատան Իբրահիմովիչն իր ակտիվում գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: Հյուրերի կազմում աչքի են ընկել նաև Քրիստիան Պավոնն ու Ռոլֆ Ֆելտշերը:
Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում «Լոս-Անջելեսը» կխաղա «Սիեթլ Սուանդերսի» հետ: Իսկ Արևելյան կոնֆերենցիայի վճռորոշ խաղում միմյանց հետ կմրցեն «Ատլանտա Յունայթեդն» ու «Տորոնտոն»: