«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը «Լիվերպուլի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի համաձայն՝ 45-ամյա մասնագետը թիմը կգլխավորի հուլիսին։
«Լիվերպուլը» «Ֆեյենորդին» կվճարի 13-15 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում հոլանդական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից 45-ամյա մասնագետի վաղաժամկետ հեռանալու համար։ Այս մասին հայտնում է արդեն լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Առաջիկա 48 ժամվա ընթացքում «Լիվերպուլը» կհայտարարի Արնե Սլոտի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին, իր հերթին հայտնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հաստատել էր, որ հոլանդական ակումբը բանակցություններ է վարում «Լիվերպուլի» հետ, որպեսզի 45-ամյա մասնագետը գլխավորի մերսիսայդյան ակումբը հաջորդ մրցաշրջանում։
«Ես կցանկանայի դառնալ «Լիվերպուլի» նոր մարզիչ, իմ որոշումն ակնհայտ է։ «Ֆեյենորդը» և «Լիվերպուլը» բանակցություններ են վարում, և ես սպասում եմ բանակցությունների արդյունքին: Ես վստահ եմ և սպասում եմ, որ ակումբները համաձայնության կգան»,- Սլոտի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Սլոտը աշխատում է «Ֆեյենորդի» հետ 2021 թվականից։ 30 խաղից հետո նրա թիմը Նիդեռլանդների առաջնությունում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ առաջատար ՊՍՎ-ին զիջելով 12 միավորով։