Երկրպագուներն ու ֆուտբոլասերները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում անցկացված քվեարկության արդյունքում որոշել են 3-րդ շրջանի լավագույն ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ամենից շատ ձայները ստացել է Արթուր Միրանյանը։ Նրա օգտին քվեարկել են մասնակիցների 48 տոկոսը, 2-րդ հորիզոնականում Ուգոչուկվու Իվուն է (27%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Էդգար Գրիգորյանը (18%):
Հայաստանի հավաքականի ճամբարից վերադառնալուց հետո Միրանյանը ստացել է իր մրցանակը․
«Շատ ուրախ եմ, որ այս մրցանակին արժանացա, բայց ավելի ուրախ եմ թիմի համար, որ կարողացանք եվրագավաթային ուղեգիր վաստակել։ Խփածս գոլերն օգնեցին, որպեսզի մենք հասնենք մեր նպատակին։ Այժմ մտածում ենք ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում հաջող հանդես գալու մասին»,- ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում նշել է Արթուր Միրանյանը։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Արթուր Միրանյանն «Ուրարտուի» կազմում 11 հանդիպում է անցկացրել ու դարձել 3 գոլի հեղինակ։