Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռայտերը հաղորդել է, որ քաղաքն առաջվա պես չի կարող երաշխիքներ ներկայացնել առաջիկա Եվրոպայի առաջնությանը երկրպագուների ներկայությունը թույլատրելու վերաբերյալ։
«Ցավոք, այս պահին չի կարելի բացառել, որ խաղերը կանցնեն առանց երկրպագուների՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումն ու Բավարիայում գործող հակաինֆեկցիոն կանոնները»,- Ռայտերի խոսքերն է փոխանցում AP-ն։
Եվրո-2020-ը պիտի կայանար նախորդ տարի, բայց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն տեղափոխվեց 2021-ի ամառ։ Նախատեսված է, որ խաղերը կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը՝ 12 քաղաքներում․ Սանկտ Պետերբուրգ, Լոնդոն, Մյունխեն, Բաքու, Հռոմ, Բուխարեստ, Կոպենհագեն, Ամստերդամ, Բիլբաո, Գլազգո, Բուդապեշտ և Դուբլին։
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն 4 քաղաքի համար երկարացրել էր երկրպագուներին խաղերին թողնելու վերաբերյալ երաշխիքի տրամադրման ժամկետը։