Վերջին օրերին հայկական ֆուտբոլում նոր զարգացում ու միտումներ են: Դրա առաջին ազդանշանները ակումբների սեփականատերերի՝ մամուլի հետ հանդիպելու նախաձեռնություններն են:
Հոկտեմբերի 1-ին ակումբի սեփականատիրոջ և լրագրողների հետ հանդիպում էր կազմակերպել «Ուրարտուն»:
Իրեն մտահոգող թեմաներն ամփոփելուց հետո Ջևան Չելոյանցը պատասխանեց նաև լրագրողների հարցերին.
— Վերջին ամիսներին շատ են խոսում մրցավարության, Արտակ Սիմոնյանի, Գևորգ Եղոյանի մասին:
Իրավաբանական ապացույցներ ունե՞ք, թե՞ պարզապես կասկածներ են: Կխաղա՞ «Ուրարտուն», եթե խաղի մրցավարը լինի Գևորգ Եղոյանը:
— Ես ունեմ իրավաբանական ապացույց՝ խաղի հաշիվը: Դա ապացույց է: Եթե մարդը մի քիչ հասկանում է ֆուտբոլից, նա տեսնում է, որ մրցավարը ազդում է խաղի վրա: Մրցավարը խաղը միտումնավոր տանում էր ոչ-ոքիի: Ես այդ մասին ասացի անմիջապես խաղից հետո: Բայց մեր մրցակիցը գոհ էր վաստակած միավորից ու չաջակցեց մեզ: Հետո այդ ակումբի սեփականատերը բազմիցս խոստովանել է, որ ինքը ճիշտ չէր: Կիսաեզրափակչում ես այլ ելք չունեի: Ես հատուկ Մոսկվայից եկել էի: Վանաձորի ճանապարհին ես իմանում եմ, թե ով է նշանակվել խաղի մրցավար: Ինչո՞ւ են վերջին պահին մրցավար նշանակում: Ես զանգահարեցի Ֆեդերացիա՝ Արմեն Մելիքբեկյանին: Ես նրան ասում եմ, որ այդ մրցավարի հարցով մենք սկանդալ ենք ունեցել: Մելիքբեկյանն ինձ պատասխանում է, որ Ֆեդերացիայում ոչինչ չի փոխվում: Ես զարմացած էի: Իսկ եթե ոչինչ չի փոխվում, ուրեմն մենք էլ չենք խաղա: Ես հետո համոզվեցի, որ իսկապես, բան չի փոխվում:
Ես շատ գոհ եմ, որ այն ժամանակ տրվեցի էմոցիաներին: Ես հասկանում եմ, որ դաստիարակության, պրոֆեսիոնալության տեսանկյունից ես սխալ էի: Ես Վանաձորի դեպքից հետո մեր մարզադաշտում հաջորդ խաղին ներողություն եմ խնդրել Ֆեդերացիայի նախագահից: Ասել եմ, որ իր օգնականներն ինձ այլ ելք չթողեցին:
— Ինչպե՞ս կգնահատեք այս բոլոր փոփոխությունները Ֆեդերացիայում. ամեն ինչ դեպի լա՞վն է, թե՞՝ վատը:
— Կան մարդիկ, ովքեր ուզում են, որ ամեն ինչ լավ լինի: Եվ ջանքեր են գործադրում: Չեմ կարող ասել, թե Ֆեդերացիան վատն է դարձել: Տեսնում եմ պահեր, որոնցում նույնիսկ լավացել է: Ես Ֆեդերացիայի նախագահի հետ չեմ խոսել. ամեն մեկը պետք է իր բեռը կրի: Մրցավարների հարցը նրա օգնականներին է վերաբերում, ոչ թե նրան:
— Ասացիք, որ Ֆեդերացիայում բացակայում է ցանկությունը ինչ-որ լավ բան անելու: Որտե՞ղ, ինչո՞վ է բացակայում:
— Ես չասացի՝ Ֆեդերացիայում: Որոշ մարդկանց մոտ: Փառք Աստծո, Ֆեդերացիայի նախագահը ցանկանում է լավ բան անել: Եվ ոչ միայն նա: Էլի մարդիկ կան, որոնք լավ են աշխատում: Ու կան մարդիկ, որոնք պարզապես իրենց տեղում չեն: Սա իմ կարծիքն է: Ուզում եք՝ հաշվի նստեք դրա հետ, չեք ուզում՝ մի նստեք:
— «Ուրարտուի» սաները հիմնական թիմում խաղալու շանս չեն ստանում հիմա: Դուք ասացիք, որ ԲԿՄԱ-ի՝ ձեր սաները կրկին վերադառնալու են: Նրանք ինչպե՞ս են ամրապնդվելու թիմում: Մարզչի հետ ծրագիր ունե՞ք: Նա հիմա ավելի շատ լեգեոներներին է վստահում:
— Դուք կարո՞ղ եք նշել Հայաստանի առաջնությունում 3 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստներին:
— Երևի թե՝ Էրիկ Վարդանյան, Արմեն Նահապետյան, Պետրոս Ավետիսյան:
— Նրանք բոլորը «Ուրարտուի» սան են: Իմացեք: Մենք երկրի համար ենք աշխատում: Լեգեոներների լիմիտի հարցի վերաբերյալ ֆեդերացիան քննարկումներ էր անում: Գիտե՞ք, մենք ինչ ենք պատասխանել:
— Միգուցե՝ որ դուք կարող եք 100 տոկոսով խաղալ սեփական սաներով:
— Այո: Մենք ասել ենք, որ ոչ մի լիմիտ էլ պետք չէ: Իմ ակումբը խաղում է այս երկրում: Եվ իմ ակումբի յուրաքանչյուր աշխատակցի համար երկիրն առաջին տեղում է: Հիմա մեր ակադեմիայում երեխա կա, որը հայ չէ, ավելին՝ սևամորթ է: Բայց նա այնքան է սիրում Հայաստանը: Ինձ համար դա շատ կարևոր է: Ես հասկացա ձեր հարցը: Մենք կփորձենք ձգտել դրան: Ես չեմ կարող դա խոստանալ, առավելևս՝ երաշխավորել: Բայց մենք ամեն ինչ կանենք, որ «Ուրարտուի» սաները խաղան այստեղ:
— Տեղեկություններ կան, որ Դուք առաջնության անհաջող մեկնարկից հետո հանդիպել եք մարզչական շտաբի հետ, խոստացել եք ավելացնել բյուջեն:
— Ո՞վ է ասել: Ես նման բանից տեղյակ չեմ: Բյուջեի մեծացում չի եղել: Բյուջեն կազմվում է նախապես, ակումբի ղեկավարությունը պահպանում է այն: Մենք այս տարի ավելի շատ գումար ենք հատկացրել երեխաներին: Գիտե՞ք, որ մերը միակ ակումբն է, որը պարգևավճարներ չի տալիս: Իմ գալու առաջին օրվանից «Բանանցում» դադարել են խաղերի համար պարգևավճարներ տալ: Միայն արդյունքի համար: Եվ քանի ես ակումբի սեփականատերն եմ, այդպես էլ լինելու է: Ոչ մի ֆուտբոլային երկրում խաղի համար չեն վճարում: Միայն արդյունքի համար: Եվ խաղացողը գիտի, թե այս կամ այն արդյունքին հասնելու համար ինչքան է ստանալու: