Ստամբուլի «Ֆեներբահչեն» պաշտոնապես հայտարարել է նիդերլանդցի մասնագետ Դիրկ Կայտի հետ համագործակցության դադարեցման մասին։ 46-ամյա մարզիչը, որն Իսմայիլ Քարթալի հեռանալուց հետո ժամանակավորապես ստանձնել էր թիմի ղեկը, լքել է ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում Էմրե Բելոզօղլուի նշանակումից հետո։
Ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը հուզիչ ուղերձով է հրաժեշտ տվել իր նախկին ֆուտբոլիստին ու մարզչին.
«Շնորհակալություն, Դիրկ Կայտ։ Մեր «դեղին-կապույտ» պատմությունը սկսվել է տարիներ առաջ, և մեր միջև կապը երբեք չի ընդհատվել։ Սկզբում խաղադաշտում, իսկ այնուհետև մարզչական նստարանին դու մեզ հետ էիր։ Քո նվիրվածության և այս գույների հանդեպ սիրո շնորհիվ առանձնահատուկ տեղ ես զբաղեցրել բոլորիս սրտերում։ Այսօր հրաժեշտ ենք տալիս քեզ, սակայն մեր մեծ ընտանիքում քո տեղը երբեք չի փոխվի, քանի որ որոշ հրաժեշտներ ոչ թե բաժանում են, այլ հավերժական կապի արտահայտություն։ Հաջողություն քեզ, Դիրկ»։
Հիշեցնենք, որ Կայտը (որը 2012-2015 թթ. որպես ֆուտբոլիստ պաշտպանել է «Ֆեներբահչեի» գույները) թուրքական գրանդի մարզչական շտաբ էր վերադարձել 2026 թվականի ամռանը՝ որպես Իսմայիլ Քարթալի օգնական։ Հոկտեմբերի վերջին՝ Քարթալի պաշտոնանկությունից հետո, նիդերլանդցին ժամանակավորապես գլխավորեց թիմը՝ անցկացնելով երկու հանդիպում։ Թուրքիայի առաջնությունում ստամբուլցիները սեփական հարկի տակ զիջեցին «Գյոզթեփեին» (1:2), սակայն Չեմպիոնների լիգայում դրամատիկ պայքարում 3:2 հաշվով առավելության հասան անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ, որտեղ Կայտը հանդես է եկել 2006-2012 թվականներին։
Հավելենք, որ նոյեմբերի 4-ին «Ֆեներբահչեի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց ակումբի լեգենդար ֆուտբոլիստ և նախկին ավագ Էմրե Բելոզօղլուն։ Թուրքական մամուլի տեղեկություններով՝ կողմերի միջև կնքվել է 1,5 տարվա պայմանագիր։
Բելոզօղլուն արդեն ունի հարազատ ակումբը մարզելու փորձ. 2021 թվականին նրա գլխավորությամբ թիմն անցկացրած 10 խաղում տարել էր 7 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի և կրել ընդամենը 1 պարտություն։ Մինչև «Ֆեներբահչե» վերադառնալը թուրք մասնագետը գլխավորել է «Իստանբուլ Բաշաքշեհիր», «Անկարագյուջյու», «Անթալիասպոր» և «Քասըմփաշա» ակումբները։ Վերջինիս ղեկին նա ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 10 տուրերում վաստակել էր 17 միավոր՝ թիմին դուրս բերելով Թուրքիայի Սուպերլիգայի 5-րդ հորիզոնական։




























































