Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպմանն ընդառաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Գերմանացի մասնագետն անդրադարձել է վերջին անհաջողություններին, կադրային լուրջ խնդիրներին, առանձին ֆուտբոլիստների մարզավիճակին և ընդգծել, որ թիմը շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համար։
Վերջին պարտությունների և թիմի հավակնությունների մասին
Թեև «Բարսելոնան» վերջերս զիջել է ՊՍԺ-ին և Մադրիդի «Ռեալին», Ֆլիկը վստահեցնում է, որ այդ արդյունքները չեն սասանել թիմի հավատը սեփական ուժերի նկատմամբ.
«Ես չեմ սիրում հետ նայել, ինձ համար ամենակարևորը հաջորդ հանդիպումն է։ Այս երկու պարտություններից հետո բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Մենք հսկայական ներուժ ունենք պատմություն կերտելու համար և ամեն օր քրտնաջան աշխատում ենք հանուն դրա։ Մեր նպատակը Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում հաղթելն է։
Հասկանում եմ, թե ինչու է մամուլը կենտրոնանում պարտությունների և թույլ կողմերի վրա. ձեր փոխարեն ես էլ նույնը կանեի, դա բնական է։ Բայց մինչ այդ մենք 11 անընդմեջ հաղթանակ էինք տարել։ Այո, արդյունքները վերջին խաղերում կարող էին այլ լինել, բայց մենք խաղում ենք այն նույն բարձր մակարդակով, ինչ «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ Ես լիովին վստահում եմ իմ թիմին, ինչը մենք ապացուցեցինք նաև շաբաթ օրը։ Այժմ կենտրոնացած ենք առաջիկա կարևորագույն խաղի և լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու վրա»։
Գերմանացի մասնագետն առանձնահատուկ գովեստի խոսքեր է հղել անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հասցեին՝ նշելով, որ մրցակիցը գերազանց է կառուցում խաղը սեփական կիսադաշտից.
«Նրանք ֆանտաստիկ թիմ ունեն և հիմա հիանալի մարզավիճակում են։ Չեմպիոնների լիգայում հեշտ խաղեր չեն լինում։ Ինձ համար Ունայ Էմերին Եվրոպայի, գուցե նաև աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Նրա թիմն ունի հստակ կառուցվածք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում, կիրառում է բազմազան խաղային մեխանիզմներ և գործում է չափազանց կազմակերպված։ Պարզապես հաճելի է հետևել նրանց խաղին»։
Առաջիկա խաղից առաջ «Բարսելոնան» լուրջ կորուստներ ունի պաշտպանության գծում. շարքից դուրս են մնացել Ժյուլ Կունդեն, Էրիկ Գարսիան, Անդրեաս Քրիստենսենը և երիտասարդ Չավի Էսպարտը։
«Պաշտպանությունում չորս բացակա ունենք. վերջինը վնասվածք ստացավ Չավին։ Հաշվի առնելով այս ֆուտբոլիստների որակները՝ իրավիճակը կառավարելը հեշտ չէ։ Սակայն անկախ նրանից, թե ով դուրս կգա խաղադաշտ, մենք պետք է գործենք որպես մեկ միասնական թիմ և հաղթահարենք այս փորձությունը։ Հուսով եմ՝ հավաքականների դադարից հետո շարք կվերադառնան մի քանի խաղացողներ, այդ թվում՝ Դանի Օլմոն»։
Անդրադառնալով Քրիստենսենի վիճակին՝ մարզիչը հավելել է.
«Երեկ նա մարզվել է մեզ հետ, բայց միայն դիրքային վարժություններ է կատարել՝ որպես չեզոք խաղացող։ Կսպասենք և կտեսնենք, թե ինչպես կընթանա նրա ապաքինումը հանգստյան օրերին»։
Ֆլիկը հիացմունքով է խոսել բրազիլացի վինգեր Ռաֆինյայի խաղի մասին՝ ընդգծելով նրա առանցքային նշանակությունը.
«Ռաֆինյան ֆանտաստիկ մակարդակ է ցուցադրում։ Նրա որակները կատարելապես համապատասխանում են մեր խաղաոճին՝ թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի։ Նա չափազանց կենտրոնացած է, հիանալի է կարդում խաղը և միշտ գտնում է ազատ տարածություններ՝ սպառնալիք ստեղծելու համար։ Նա մեր ավագն է, և նրա ներկայությունը խաղադաշտում անգնահատելի է մեզ համար»։
Խոսելով Ալեխանդրո Բալդեի խաղաժամանակի կրճատման մասին՝ մարզիչը նշել է, որ անձամբ է զրուցել երիտասարդ պաշտպանի հետ՝ նրան աջակցելու համար.
«Բնական է, որ երբ քիչ ես խաղում, վստահությունդ նվազում է։ Բայց նա հիանալի է աշխատում մարզումներին։ Մենք պետք է առաջնորդվենք թիմի շահերով և ընտրենք լավագույն տարբերակը ձախ եզրի համար, իսկ Ժոաու Կանսելուն այժմ գերազանց մարզավիճակում է։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Բալդեին. նա «Լա Մասիայի» սան է, այս ակումբը նրա տունն է։ Նա հիանալի մարդ է ու ֆանտաստիկ ֆուտբոլիստ, և ես օգնում եմ նրան վերադառնալ իր նախկին մակարդակին»։
Ֆլիկը կտրուկ հերքել է շրջանառվող լուրերը, թե կադրային խնդիրների պատճառով Գավիին դիտարկում է աջ պաշտպանի դիրքում.
«Ես Գավիին չեմ տեսնում աջ պաշտպանի դիրքում։ Մենք լավ գիտենք նրա ուժեղ կողմերը։ Խաղին պատրաստվելիս նա միշտ մեր հիմնական տարբերակներից մեկն է, պարզապես հանդիպման ընթացքը երբեմն ստիպում է շեղվել նախնական ծրագրից։ Ես զրուցել եմ նրա հետ. կարևոր է, որ նա վստահ լինի և հստակ իմանա, թե ինչ դեր ենք նախատեսում իր համար»։
Վերջում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչն անդրադարձել է նաև երիտասարդ ֆուտբոլիստներին՝ գովելով Բրայան Ֆարինյասի և Լամին Յամալի համագործակցությունը «Ալավեսի» դեմ խաղում.
«Նրանք ընկերներ են և խաղադաշտում հիանալի են հասկանում միմյանց։ Ֆարինյասն արժանի էր խաղաժամանակի, և վաղը կորոշենք՝ արդյոք նա կրկին խաղադաշտ դուրս կգա։ Ինչ վերաբերում է Ժերար Մարտինին, ապա նրա գլխավոր առավելությունն ունիվերսալությունն է. մենք նրան դիտարկում ենք ինչպես ձախ եզրային, այնպես էլ ձախ կենտրոնական պաշտպանի դիրքում»։
Նոյեմբերի 3-ին կայանալիք տնային խաղում կատալոնական ակումբը կփորձի ամրապնդել դիրքերը մրցաշարային աղյուսակի լավագույն ութնյակում՝ 1/8 եզրափակչի ուղիղ ուղեգիր նվաճելու համար։
























































