Կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել թիմի և Իսպանիայի ազգային հավաքականի 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը ցանկություն չունի բաժանվելու ֆուտբոլիստից, սակայն ակումբում առկա ֆինանսական դժվարությունների պատճառով պատրաստ է զիջել նրա տրանսֆերային իրավունքները մոտ 100 միլիոն եվրոյի դիմաց։
Իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են լոնդոնյան «Չելսին» և ֆրանսիական ՊՍԺ-ն։ Նշվում է, որ փարիզյան գրանդն արդեն իսկ պաշտոնական առաջարկ է պատրաստում տրանսֆերի իրականացման համար։
Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի ամռանը Լոպեսը մերժել էր «Չելսիի» առաջարկը՝ նախընտրելով մնալ «Բարսելոնայում», իսկ արդեն փետրվարին կատալոնական ակումբի հետ նոր պայմանագիր էր կնքել՝ նախատեսված մինչև 2031 թվականը։
23-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 148 հանդիպման՝ դառնալով 37 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անցկացրել է 9 խաղ՝ իր ակտիվում գրանցելով 4 գոլ և 3 արդյունավետ փոխանցում։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը Ֆերմին Լոպեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։
























































