«Պարի Սեն Ժերմենի» և Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է տևական ժամանակով դուրս մնալ շարքից։ Ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել հոկտեմբերի 20-ին կայացած Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Բարսելոնայի» դեմ հաղթական հանդիպմանը (4:2)։
Երկրորդ խաղակեսում՝ կատալոնական թիմի պաշտպան Չավի Էսպարտի հետ պայքարում, վրացի ֆուտբոլիստն անհաջող վայրէջք է կատարել խոտածածկին և չի կարողացել շարունակել խաղը։ Հանդիպման 59-րդ րոպեին նա հարկադրաբար լքել է խաղադաշտը՝ իր տեղը զիջելով Մագնես Ակլիուշին։
Ֆրանսիական հեղինակավոր L’Équipe պարբերականի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի շրջապատում լուրջ մտավախություն կա, որ Կվարացխելիան ստացել է աջ ծնկի առաջային խաչաձև կապանի պատռվածք։ Իսպանական Mundo Deportivo-ն իր հերթին հայտնում է, որ նախնական բժշկական զննման արդյունքները հուսադրող չեն եղել։
Վնասվածքի ճշգրիտ բնույթն ու ծանրության աստիճանը պարզելու համար Կվարացխելիան այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կանցնի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտություն։
Եթե հաստատվի ամենավատ կանխատեսումը՝ խաչաձև կապանի պատռվածքը, ապա վրացի աստղը բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածի մեծ մասը։ Սպորտային ֆիզիոթերապևտ Անխել Վիլյանուևան, տեսագրությամբ վերլուծելով վնասվածքի դրվագը, չի բացառել, որ վերականգնման գործընթացը կարող է տևել մինչև 9 ամիս։ Այդուհանդերձ, վերջնական պատկերը պարզ կդառնա միայն ՊՍԺ-ի բժշկական շտաբի պաշտոնական հայտարարությունից հետո։
Հավելենք, որ կատալոնական գրանդի նկատմամբ տոնած հաղթանակը չափազանց թանկ է նստել Լուիս Էնրիկեի թիմի վրա։ Հանդիպման ընթացքում վնասվածքների պատճառով խաղադաշտը հարկադրաբար լքել են նաև փարիզյան ակումբի երկու այլ առանցքային ֆուտբոլիստներ՝ Ուսման Դեմբելեն և թիմի ավագ Մարկինյոսը։
























































