Մյունխենի «Բավարիան» լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստների ծառայություններով։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Mundo Deportivo պարբերականը, գերմանական գրանդի ուշադրության կենտրոնում են հայտնվել միանգամից երկու «կատալոնացի»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բավարացիները վաղուց հետևում են կիսապաշտպան Դանի Օլմոյի խաղին, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարք չի նախատեսվում․ սա ավելի շատ երկարաժամկետ նախագիծ է։ Ակնկալվում է, որ ապագայում այս տրանսֆերի արժեքը կարող է հասնել մոտ 90 միլիոն եվրոյի:
Բացի Օլմոյից, Մյունխենում հավանել են նաև պաշտպան Ժյուլ Կունդեին։ «Բարսելոնան» ֆրանսիացու տրանսֆերը գնահատում է 80-90 միլիոն եվրո, ինչի պատճառով հունվարին հնարավոր տեղափոխությունը բացառվում է։ Գերմանական ակումբում այս գինը չափազանց ուռճացված են համարում, սակայն շարունակում են ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դանի Օլմոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մինչդեռ Ժյուլ Կունդեն մասնակցել է 8 խաղի՝ իր ակտիվում գրանցելով մեկական գոլ և արդյունավետ փոխանցում։

























































