Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 4։1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Սևիլիայի» նկատմամբ։
Հանդիպումից հետո «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է խաղը, սուր գնահատականներ տվել մրցավարական խոսակցություններին, ինչպես նաև անդրադարձել առաջիկա «Էլ Կլասիկոյին» և առանձին ֆուտբոլիստների ելույթներին։
Խաղի վերահսկողության, ռոտացիայի և «Էլ Կլասիկոյի» մասին
«Ընդհանուր առմամբ սա հիանալի հանդիպում էր «Ռեալի» համար, որտեղ շատ ֆուտբոլիստներ անհատական բարձր մակարդակ ցուցադրեցին։ Մենք վերահսկեցինք խաղի ընթացքն առաջինից մինչև վերջին րոպեն և որակյալ գոլեր խփեցինք։ Գնդակի վերահսկման բարձր տոկոս ունեինք, ինչը միշտ չէ, որ արտացոլում է խաղի իրական պատկերը, բայց այսօր դա լիովին արդարացրեց մեր առավելությունը մի լավ թիմի դեմ, որին մենք հարգում էինք։ Սա գեղեցիկ հաղթանակ էր, քանի որ լավ խաղացինք և բազմաթիվ դրական էմոցիաներ ստացանք։
Ինչ վերաբերում է «Էլ Կլասիկոյին», ապա առջևում նախ Չեմպիոնների լիգայի խաղն է, և հիմա մենք միայն դրա մասին ենք մտածում։ Մինչև չորեքշաբթի՝ ժամը 23:00-ն, ես նույնիսկ մեկ րոպե չեմ տրամադրելու կիրակի օրվա մեր մրցակցի մասին մտածելուն։
Այսօր որոշ փոփոխություններ էի կատարել կազմում՝ պահպանելով խաղային տրամաբանությունը։ Ֆուտբոլում արժանիքների գնահատումը հարաբերական հասկացություն է, քանի որ հնարավոր չէ թվերով չափել, թե որ 11 խաղացողներն են ամենից շատ արժանի խաղադաշտ դուրս գալուն։ Շատերն են արժանի. այսօր ոմանք մնացին պահեստայինների նստարանին և փոխարինման մտան ավելի ուշ, իսկ ոմանք ընդհանրապես խաղաժամանակ չստացան։ Օրինակ՝ այն ֆուտբոլիստը, ով հաղթական գոլի հեղինակ էր դարձել Հռոմում, այսօր նույնիսկ խաղադաշտ դուրս չեկավ»։
«Սևիլիայի» մարզչի դժգոհությունների և Արդա Գյուլերի հնարավոր հեռացման մասին
«Ես չեմ մեկնաբանում նրանց հայտարարությունները։ Ոչ ոք չի կարողացել ինձ ցույց տալ այն, ինչի մասին նրանք խոսում են։ Ես ոչ մի կադր չեմ տեսել։ Հարցրել եմ իմ վերլուծաբաններին և հեռուստատեսության ներկայացուցիչներին, բայց այդպես էլ չեմ տեսել որևէ պատկեր այն դրվագից, որն այդքան վրդովեցրել է Լուիսին։ Եթե մի օր տեղի ունենա մի բան, որը, իմ կարծիքով, մեր օգտին կլինի անարդարացիորեն, ես խնդիր չեմ ունենա դուրս գալ և բարձրաձայնել այդ մասին, բայց կարծում եմ՝ ավելի հավանական է հակառակ սցենարը, քանի որ դա է իրերի բնականոն ընթացքը։ Եթե մինչև շաբաթ օրը ինչ-որ մեկն ինձ հստակ և օբյեկտիվ կադր ուղարկի, ես կանդրադառնամ դրան։ Առայժմ՝ ոչինչ։
Վախենո՞ւմ էի արդյոք, որ Արդա Գյուլերը կարմիր քարտ կստանա և բաց կթողնի «Էլ Կլասիկոն»։ Կրկնում եմ՝ ես մեկ րոպե անգամ չեմ մտածել «Էլ Կլասիկոյի» մասին, այլ միայն այս խաղում հաղթելու։ Մարզչի համար, ով պարտվում է չորս գոլի տարբերությամբ և հնարավորություն է ստանում պատասխանել չորս կամ հինգ հարցի մի դրվագի մասին, որն իրականում գոյություն չունի, դա պարզապես ֆանտաստիկ է, քանի որ թույլ է տալիս շեղել թեման և խոսել այլ բաների մասին։ Երբ այդ դրվագը տեղի ունեցավ, մենք Պեդրոյի հետ նայեցինք պլանշետին և ոչինչ չտեսանք։ Ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է այդ խաղի կանոնների խախտումը։ Ահա թե ինչու չեմ հասկանում այս պատմության շուրջ առաջացած մոլուցքը»։
«Բետիս» – «Բարսելոնա» խաղի մրցավարության մասին
«Ես այդ ընթացքում «Լայպցիգի» խաղն էի դիտում։ «Սևիլիայի» դեմ խաղի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված էին, ուստի երեկ օգնականներիս հետ դիտում էինք «Բավարիա» – «Լայպցիգ» հանդիպումը։ Երդվում եմ՝ չեմ տեսել «Բարսելոնայի» խաղը։ Ավելի ուշ լսեցի խոսակցություններն ու աղմուկը, բայց ինձ համար դա անակնկալ չէ։ Պարզապես հերթական սովորական օրն է գրասենյակում»։
Աջ պաշտպանի դիրքում Վալվերդեի փայլուն խաղի մասին
«Օրերս կեսկատակ-կեսլուրջ ասացի, որ եթե մենք ունենայինք չորս Վալվերդե, նրանք կխաղային չորս տարբեր դիրքերում։ Նա ժամանակակից ֆուտբոլի ամենաունիվերսալ խաղացողներից մեկն է, կարող է խաղալ ցանկացած գոտում և ամենաբարձր մակարդակով։ Այսօր նա փայլուն հանդիպում անցկացրեց։ Մարզչի համար հեշտ չէ պահեստայինների նստարանին թողնել երկու որակյալ աջ պաշտպանների, բայց ես կարծում էի, որ Էնդրիկի թիկունքում շատ օգտակար կլինի ունենալ արագաշարժ ու բարձրակարգ խաղացողի։ Ինձ պետք չէ նրան ինչ-որ բանում համոզել. նա Մադրիդի «Ռեալի» ավագն է, և եթե կարիք լինի խաղալ դարպասապահի դիրքում, նա ձեռնոցներ կհագնի ու կկանգնի դարպասում»։

Դիոմանդեի աճի և Վինիսիուսի կարգավիճակի մասին
Դիոմանդեի մասին. «Նա դեռ շատ տեղ ունի աճելու և կատարելագործվելու։ Նա երիտասարդ է, մի փոքր միամիտ և դեռևս ամբողջությամբ չձևավորված ֆուտբոլիստ։ Իսկ Մադրիդի «Ռեալում» պահանջների նշաձողը չափազանց բարձր է։ Տպավորություն է, թե նա խաղում է ոչ թե մեջքին գրված 25 համարով, այլ այն 125 միլիոնի բեռով, որը վճարել են իր տրանսֆերի համար։ Նա աճում է, բայց պետք է բարելավի եզրափակիչ փուլը։ Հաճախ է հայտնվում վտանգավոր գոտիներում, սակայն վերջին պահին նրան սառնասրտություն է պակասում՝ գլուխը բարձրացնելու, խաղընկերներին տեսնելու և ավելի լավ փոխանցում կատարելու համար։ Նա դրան կհասնի։ Ես լավ եմ հիշում, թե ինչպիսին էր Վինիսիուսը, երբ նոր էր տեղափոխվել Մադրիդ, իսկ երկու-երեք տարի անց նա արդեն թոփ մակարդակի ֆուտբոլիստ էր»։
Վինիսիուսի մասին. «Ինձ դուր չի գալիս նրան հայտացուցակից դուրս թողնելը, բայց գնացի այդ քայլին, քանի որ իրավիճակն անխուսափելի էր։ Նա մեկնարկային կազմում կլինի չորեքշաբթի օրը. Չեմպիոնների լիգան լավ միջոց է նրա մոտիվացիան բարձր պահելու համար, որպեսզի նա պարզապես չմարզվի առանց խաղալու։ Նա թարմ է, իսկ քանի որ այսօր չխաղաց, լավ աշխատեց իր ֆիզիկական վիճակի վրա։ Մենք նրա կարիքն ունենք, քանի որ «Լայպցիգն» ամենևին էլ այն թիմը չէ, որը երեկ վատ խաղաց Մյունխենում. դա բոլորովին այլ պատմություն է լինելու»։
Հիշեցնենք, որ իր հաջորդ հանդիպումը Մադրիդի «Ռեալը» կանցկացնի հոկտեմբերի 21-ին՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրում ուժերը չափելով գերմանական «ՌԲ Լայպցիգի» հետ։ Եվրագավաթային մրցաշարում «սերուցքայինները» վաստակած 6 միավորով այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ Իսկ արդեն հոկտեմբերի 26-ին մադրիդյան գրանդին սպասվում է սկզբունքային դիմակայությունը կատալոնական «Բարսելոնայի» դեմ՝ հերթական «Էլ Կլասիկոյի» շրջանակում։

























































