Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսի գործակալ Ֆելիքս Տայնտան բացահայտել է 2025 թվականի ամռանը կատալոնական «Բարսելոնայի» հետ վարած բանակցությունների մանրամասներն ու նշել հարձակվողի տրանսֆերի տապալման իրական պատճառը։
«Մենք բանակցություններ էինք վարում «Բարսելոնայի» հետ։ Բնականաբար, «Ատլետիկը» տեղյակ էր ամեն ինչից, քանի որ ես նրանց պարբերաբար իրազեկում էի իրավիճակի մասին, նույնիսկ եթե նրանց դուր չէր գալիս գործերի ընթացքը։ Հենց դրանից էլ սկսեցի բանակցությունները, և մենք հասանք մի կետի, երբ Նիկոն պարզապես չէր կարող իրեն թույլ տալ խաղադաշտ դուրս չգալ։ Սա «Ֆորմուլա-1» է․ եթե ես գալիս եմ ձեզ մոտ, չպետք է հանդուրժեմ ձեր խնդիրները։ Հենց սա էլ հասկացրեցի «Բարսելոնայի» ղեկավարությանը։
Հետևաբար, մենք որոշեցինք, որ առանց հստակ երաշխիքների չենք կարող ռիսկի դիմել, որ Նիկոն միանա ակումբին և ի վերջո չխաղա։ Եվ խնդիրը միայն աշխարհի առաջնությունը չէր, այլ այն, որ նա պրոֆեսիոնալ է, ով պետք է զբաղվի իր գործով։ Եթե դուք խնդիր ունեք, դա չպետք է անդրադառնա ինձ վրա։ Իսկ եթե չեք կարող երաշխավորել, որ դա ինձ վրա չի ազդի, ապա ես ստիպված եմ փոխել իմ որոշումը։ Հենց այդպես էլ ամեն ինչ տեղի ունեցավ։
Նիկոն դիտարկում էր հեռանալու տարբերակը, քանի որ նա հավակնոտ է, իսկ «Ատլետիկում» քաջ գիտակցում են իրենց հնարավորությունների սահմանը։ Այնտեղ գիտեն, որ չեն հաղթելու Չեմպիոնների լիգայում և, հավանաբար, չեն դառնա նաև Լա լիգայի չեմպիոն։ Ի վերջո, երբ նա սկսեց բացառել մի շարք տարբերակներ՝ այլ առաջարկներ դիտարկելու համար, և երբ հասկանում ես, որ ստեղծված իրավիճակը՝ իր բոլոր հետևանքներով, անտրամաբանական է, սկսում ես իրերին այլ տեսանկյունից նայել։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե նա երկարաձգեր պայմանագիրը։ Ես առաջ քաշեցի այդ գաղափարը, և նա համաձայնեց։ Այդ պահից էլ որոշում կայացվեց երկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը»,— Տայնտայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Հավելենք, որ Ուիլյամսի գործող պայմանագիրն «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2035 թվականի ամառը, սակայն համաձայնագրում ամրագրված է շուրջ 90 միլիոն եվրո հրաժարագնի կետ։ Բասկյան ակումբի կազմում իսպանացի ֆուտբոլիստը մասնակցել է 205 հանդիպման՝ դառնալով 38 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։



























































