Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կիսվել է տպավորություններով «արքայական» ակումբի կազմում իր 150-րդ՝ հոբելյանական հանդիպումն անցկացնելու կապակցությամբ, ինչպես նաև խոսել է թիմում ունեցած իր ներկայիս դերի մասին։
Անգլիացի ֆուտբոլիստի համար հոբելյանական է դարձել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Ռոմայի» դեմ գոլառատ հանդիպումը (4:3): Ակումբի մարզաբազայում հատուկ հուշանվեր-մարզաշապիկ ստանալուց հետո Բելինգհեմը չի թաքցրել իր հույզերը.
«Չափազանց երջանիկ եմ ու հպարտ։ Այս ակումբում խաղալը միշտ մեծ հաճույք է, և հուսով եմ՝ այս ամենը դեռ երկար կշարունակվի։ «Ռեալն» ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ սա աշխարհի մեծագույն ակումբն է։ Մեծ պատիվ է խաղալ այստեղ և հասնել 150 խաղի սահմանագծին։
Ես ընդամենը 23 տարեկան եմ, իսկ ինձ արդեն վետերան են անվանում… Ինձ դուր է գալիս իմ դերը թիմում, և հուսով եմ՝ մենք կշարունակենք աճել ու տիտղոսներ նվաճել։ Լինում են հանդիպումներ, որոնք բավականին բարդ են դասավորվում, բայց մենք հաղթել ենք դրանցից գրեթե բոլորում։ Պետք է պարզապես շարունակենք աշխատել և կատարելագործվել», — Բելինգհեմի խոսքերն է մեջբերում մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը «սերուցքայինների» գույները պաշտպանում է 2023/24 մրցաշրջանից՝ անցկացնելով իր չորրորդ մրցաշրջանը Մադրիդում։ Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































