Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով Լա Լիգայի նախագահ և Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Խավիեր Տեբասի անհապաղ հրաժարականը։
«Արքայական» ակումբի զայրույթի պատճառ են դարձել Տեբասի վերջին հայտարարությունները, որոնցում նա մադրիդյան գրանդի ղեկավարության աշխատելաոճը համեմատել է նացիստական ռեժիմի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի մեթոդների հետ, իսկ ակումբային հեռուստաալիքն անվանել այդ ռազմավարության գործիք։
««Ռեալ Մադրիդը» լիովին անթույլատրելի և չափազանց լուրջ է համարում այն փաստը, որ իսպանական ֆուտբոլում երկու բարձրագույն ու պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը դիմում է նացիստական ռեժիմի քարոզչական մեթոդների հետ համեմատությանը՝ մեր ակումբը, նրա ղեկավարությանը և հեռուստաալիքը վարկաբեկելու համար։ Այն պարզաբանումը, թե խոսքը նացիստական գաղափարախոսության մասին չէ, բոլորովին չի մեղմում նրա արտահայտությունների խորապես վիրավորական, բարոյապես նողկալի և զբաղեցրած պաշտոնին անվայել բնույթը։
Այս հայտարարությունները Խավիեր Տեբասի կողմից «Ռեալի», նրա նախագահի և ակումբային մեդիայի դեմ ուղղված մշտական հարձակումների հերթական դրվագն են։ Անընդունելի է, որ նա անգամ օգտագործում է ակումբի հետ կապ չունեցող լրագրողների հարցերը, ռեպորտաժները կամ կարծիքները՝ մեր հասցեին մեղադրանքներ հնչեցնելու և մեզ երրորդ անձանց այնպիսի գործողություններ վերագրելու համար, որոնց համար մենք որևէ պատասխանատվություն չենք կրում։
Հատկապես մտահոգիչ է, որ Տեբասը նման արտահայտություններով փորձում է կասկածի տակ դնել «Ռեալի» և ակումբային հեռուստաալիքի իրավաչափ գործողությունները «Նեգրեյրայի գործի» առնչությամբ։
Քանի որ այն երկու կառույցները, որոնցում Խավիեր Տեբասը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ, պատշաճ քայլեր չեն ձեռնարկել «Նեգրեյրայի գործի» բացառիկ լրջության կապակցությամբ, մեր ակումբը ստիպված է եղել ուղղակիորեն դիմել ՈւԵՖԱ-ին։ Մենք պահանջում ենք համակողմանի հետաքննություն անցկացնել «Բարսելոնայի» կողմից տարիներ շարունակ Մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահին կատարված վճարումների վերաբերյալ, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մրցաշարերի ազնվությունն ապահովելու համար։
Բացի այդ, «Ռեալը» պահանջում է հիմնովին բարեփոխել մրցավարական համակարգը, ինչպես նաև ֆեդերացիայի կառավարման, վերահսկողության և կարգապահական կառույցները՝ փոխարինելով այն անձանց, որոնք պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել այդ ժամանակահատվածում։ Հատկանշական է, որ Խավիեր Տեբասը՝ լինելով Լա Լիգայի նախագահ և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ (որի կազմում էլ գործում է Մրցավարների տեխնիկական կոմիտեն), նախընտրում է իր ջանքերն ուղղել «Ռեալի» վարկաբեկմանը՝ փոխանակ իր պաշտոնեական դիրքն օգտագործելու այս ծայրահեղ լուրջ իրադարձությունների բացահայտմանն ու իսպանական ֆուտբոլի առողջացմանը նպաստելու համար։
Խավիեր Տեբասի նման վարքագիծը վկայում է չեզոքության, հարգանքի և անկողմնակալության բացակայության մասին, ինչն անհամատեղելի է նրա պաշտոնեական պարտականությունների հետ։ Մեր ակումբի համոզմամբ՝ նրա մշտական հարձակումները «Ռեալի», ինչպես նաև թափանցիկություն և բարեփոխումներ պահանջողների դեմ, իսկական պատուհաս են իսպանական ֆուտբոլի համար։
Ելնելով վերոնշյալից՝ «Ռեալ Մադրիդը» գտնում է, որ Խավիեր Տեբասի պարբերական հայտարարություններն ու գործողություններն անընդունելի կհամարվեին հարգանքի, չեզոքության և բարեվարքության սկզբունքներով առաջնորդվող ցանկացած եվրոպական մարզական կառույցում։ Ավելին՝ դրանք նրան մասնագիտորեն ոչ պիտանի են դարձնում իր զբաղեցրած պաշտոններում հետագա պաշտոնավարման համար։ Ուստի «Ռեալ Մադրիդը» պահանջում է նրա անհապաղ հրաժարականը Լա Լիգայի նախագահի և Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոններից։
«Ռեալ Մադրիդը» շարունակելու է պաշտպանել իր իրավունքներն ու հեղինակությունը՝ միաժամանակ պայքարելով «Նեգրեյրայի գործի» ամբողջական բացահայտման և իսպանական ֆուտբոլում անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար», — ասված է մադրիդյան ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
























































