ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի երկրորդ տուրում լեհական «Յագելոնիան» սեփական հարկի տակ 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։
Լեհական ակումբի գլխավոր մարզիչ Ադրիան Սեմենեցը հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու կիսվել իր տպավորություններով։
Երկրպագուների աջակցության և կարևոր հաղթանակի մասին
«Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրպագուներին այսօրվա հանդիպման, ցուցաբերած աջակցության և ոգևորության համար: Շատ շնորհակալ եմ նաև թիմին. շնորհավորում եմ տղաներին հիանալի խաղի և այս բարդ ժամանակահատվածում տարած չափազանց կարևոր հաղթանակի կապակցությամբ»։
Թիմային ոգու և խաղային հիմքին վերադառնալու մասին
«Այսօր ես խաղադաշտում տեսա ոչ թե պարզապես 11 լավ ֆուտբոլիստի, այլ իսկական միասնական թիմ, որը միասին պաշտպանվում էր, հարձակվում, ակնթարթորեն արձագանքում գնդակի կորստին, սուր հակագրոհների դուրս գալիս, գրոհում մրցակցի տուգանային հրապարակն ու հուսալիորեն պաշտպանում սեփականը։ Ես տեսա մեծ վճռականություն, նվիրվածություն, ինչպես նաև փայլուն համագործակցություն և հաղորդակցություն խաղադաշտում։ Շատ ուրախ եմ դրա համար, քանի որ մեզ պետք էր վերադառնալ մեր արմատներին՝ մեր խաղային հիմքին։ Այսօր ես տեսա այդ հիմքը»։
Բնավորություն դրսևորելու և վճռականության մասին
«Թիմն արժանի է բուռն ծափահարությունների, քանի որ կարողացավ ոտքի կանգնել այն բարդ իրավիճակում, որում հայտնվել էր (անընդմեջ չորս պարտությունից հետո), հատկապես՝ նման արագ բաց թողած գոլից հետո: Խփած գոլերի դրվագներում տղաների վճռականությունը շատ բարձր մակարդակի վրա էր, և այսօր մենք նաև փայլուն պաշտպանվեցինք: Այսօր մենք հսկայական աշխատանք կատարեցինք այս հանդիպումը հաղթելու համար. դա զգացվում էր հենց մեկնարկից, ինչի համար ես շատ ուրախ եմ»։
Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրում՝ մեկ շաբաթ անց, «Յագելոնիան» մրցելու է բելգիական «Անդերլեխտի» հետ:
























































