Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն Ազգերի լիգայի C2 խմբի 4-րդ տուրի՝ Չեռնոգորիայի ընտրանու հետ ոչ-ոքիից (0:0) հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Հպարտ եմ մեր հավաքականով և ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին՝ այս նվիրումի, պայքարի և հավատի համար:
Մենք դեռ կառուցման ու ձևավորման փուլում ենք։ Մեր թիմում շատ են երիտասարդ, հաղթանակների ծարավ տղաները, որոնցից շատերը դեռ մեծ փորձ չունեն։ Բայց մի բան արդեն հաստատ է՝ նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է մինչև վերջ պայքարել, ամբողջ ուժը տալ և ամեն ինչ անել մեր ազգային հավաքականի ու մեր երկրի համար:
Մենք հավատում ենք մեր ճանապարհին, հավատում ենք միմյանց և գիտենք, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու: Բոլորս անհամբեր սպասում ենք նոյեմբերյան հանդիպումներին: Առջևում ամենահետաքրքիրն է եվ ամենադժվարը»,- գրել է Թիկնիզյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին վաստակած 4 միավորով ընթանում է Ազգերի լիգայի C2 խմբի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Կիպրոսի հավաքականին։
























































