Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայում կայացել են նախավերջին՝ 10-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց մրցաշարի առաջատար Ուզբեկստանի ընտրանու հետ և կրեց իր առաջին պարտությունն այս Օլիմպիադայում՝ զիջելով 0,5:3,5 հաշվով:
Մեր թիմի կազմում միակ կես միավորը վաստակեց Շանթ Սարգսյանը՝ ոչ-ոքի ավարտելով պարտիան Նոդիրբեկ Յակուբոևի հետ։ Հայկ Մարտիրոսյանը պարտվեց Նոդիրբեկ Աբդուսատորովին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ջավոխիր Սինդարովին, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Մուխիդին Մադամինովին:
Նախորդ 9 տուրերում հայ շախմատիստները տարել էին 6 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի: Այս տուրից հետո մեր ընտրանին ունի 15 թիմային միավոր:
Մրցաշարային աղյուսակը 18 միավորով միանձնյա գլխավորում է Ուզբեկստանը, որին 17 միավորով հաջորդում է գործող չեմպիոն Հնդկաստանը:
Կանանց Հայաստանի հավաքականը 10-րդ տուրում մրցեց Հունաստանի թիմի հետ. գրանցվեց մարտական ոչ-ոքի:
Հաղթանակներ տոնեցին Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը պարտություն կրեցին: Կանանց հավաքականն իր ակտիվում նույնպես ունի 15 միավոր (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն):
Համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները կկայանան սեպտեմբերի 27-ին:
























































