Մոնտենեգրոյի ազգային հավաքականի ավագ Ստեֆան Յովետիչը գիտակցում է, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի մեկնարկից առաջ իրենց ընտրանին ունի ֆավորիտի կարգավիճակ, սակայն զգոնության կոչ է անում:
Հիշեցնենք, որ «Խիզախ բազեները» ընդգրկված են C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Հայաստանը, Լատվիան և Կիպրոսը։ Մոնտենեգրոցիների առաջին մրցակիցը կիպրացիներն են։
«Կարծում եմ՝ նախկինում մեր գլխավոր սխալն այն էր, որ միշտ անտեղի ճնշում էինք ստեղծում ինքներս մեզ վրա։ Այո՛, մենք թեթևակի ֆավորիտ ենք, բայց Իսպանիան չենք, որ վստահաբար հայտարարենք, թե վերցնելու ենք բոլոր միավորները»,- նշել է Յովետիչը CDM-ի հետ զրույցում։
Փորձառու հարձակվողն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործել հանգիստ և սեփական ուժն ապացուցել բացառապես խաղադաշտում.
«Պետք է հանդարտվենք ու գործով ապացուցենք, որ ավելի ուժեղ ենք։ Չորս տարի առաջ մենք հաղթել ենք Կիպրոսին, բայց շատ բան է փոխվել. հիմա նրանք ունեն արտերկրում հանդես եկող որակյալ խաղացողներ։ Ես խաղում եմ Կիպրոսում, ճանաչում եմ նրանց տեղի առաջնության միջոցով և վստահեցնում եմ՝ եթե մենք 150 տոկոսով չնվիրվենք խաղին, կարող ենք լուրջ խնդիրների բախվել»։
Հայաստանի ընտրանին Մոնտենեգրոյի հետ հանդիպում կանցկացնի սեպտեմբերի 28-ին, 20։00-ին։
























































