Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ռուսական «Ռոդինայի» հարձակվող Արթուր Ղարիբյանը ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է իր անցած ուղու, մանկության տարիների, կարիերայի դժվարությունների և հայկական ընտրանին ընտրելու որոշման մասին։
Հայկական արմատների և ֆուտբոլային առաջին քայլերի մասին
Անդրադառնալով մանկությանն ու ֆուտբոլ մուտք գործելուն՝ Ղարիբյանը պատմել է, թե ինչպես է ընտանիքը տեղափոխվել Ռուսաստան, և որքան կարևոր է եղել մայրենի լեզվի իմացությունը.
«Ծնողներս 25 տարի առաջ տեղափոխվել են Մոսկվա: Հայրս այնտեղ աշխատանք գտավ, իսկ ես արդեն ծնվեցի և մեծացա Մոսկվայում: Մանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերեն, որպեսզի հիմա կարողանամ ազատ շփվել ձեզ հետ: Գրեթե մեկ-երկու տարին մեկ գալիս էինք տատիկիս տուն: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, որովհետև սիրում եմ այն ամենը, ինչ կապված է հայրենիքիս հետ: Փոքր ժամանակ բավականին չարաճճի երեխա էի: Չորս տարի լողով եմ զբաղվել, և նոր միայն եկել եմ ֆուտբոլ: Հայրս միշտ շատ է սիրել այս մարզաձևը, և հենց դա էլ պատճառ դարձավ, որ ընտրեմ ֆուտբոլը: Բավականին ուշ եմ սկսել՝ տասը տարեկան էի, երբ առաջին անգամ հաճախեցի պարապմունքների»:
Դժվարությունների և մոր որոշիչ խորհրդի մասին
Հարձակվողը հիշել է նաև «Ռոդինայի» համակարգում անցկացրած բարդ տարիներն ու այն ծանր պարտությունը, որից հետո մոր խոսքերը նրան հետ են պահել ֆուտբոլը թողնելու մտքից.
«Ամենադժվար փուլն ակադեմիա հաճախելն էր: Տասնչորսից մինչև տասնինը տարեկան հասակում, քանի դեռ չէի տեղափոխվել Մոսկվա և մեքենա չունեինք, մարզումների հասնելու համար ամեն օր մեկուկես ժամ ճանապարհ էի անցնում: Տասնհինգ տարեկանում մեր թիմով խաղացինք, վատ հանդիպում անցկացրինք և պարտվեցինք 2-6 հաշվով: Այդ պարտությունից հետո մտածում էի այլևս չզբաղվել ֆուտբոլով, սակայն մայրս ինձ սթափեցրեց՝ ասելով. «Հանգստացի՛ր և խաղա՛ այնքան ուժեղ, որքան կարող ես. ամեն ինչ անպայման կստացվի»: Ես հասկացա, որ հետդարձի ճանապարհ չկա: Մինչ այդ այնքան էլ տաղանդավոր չէի, պետք էր շատ աշխատել, և մինչև հիմա էլ ինձ համար ամենակարևորն աշխատանքն է»։
Ռուսաստանի և Հայաստանի միջև ընտրության ու նպատակների մասին
Խոսելով ազգային ընտրանու մասին՝ Ղարիբյանն ընդգծել է, որ դեռ մանկուց հստակ որոշել էր խաղալ Հայաստանի հավաքականում, և այժմ մեծ նպատակներ ունի առաջիկա խաղերում.
«Առաջին մարզիչներս ինձ հարցրել էին՝ Ռուսաստանի՞, թե՞ Հայաստանի հավաքականում եմ ուզում հանդես գալ: Դեռ տասը տարեկանում վստահ ասել էի, որ ուզում եմ խաղալ Հայաստանի համար, տատիկս էլ միշտ նույնն էր կրկնում: Շնորհակալ եմ գլխավոր մարզչին՝ ինձ ընտրելու և հրավիրելու համար: Անկեղծ ասած, վերջին օրերին չէի սպասում հրավերի: Թե ինչ է ինձ համար նշանակում լինել ազգային հավաքականում՝ խոսքերն ավելորդ են: Չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք ավելի մեծ զգացողություն լինել, քան քո երկրի հավաքականը ներկայացնելը: Ինձ համար ամենակարևոր գոլը հաջորդն է. առաջիկա խաղում մրցելու ենք Լատվիայի դեմ, և ես պետք է գոլ խփեմ»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։ Ղարիբյանն իր սպասվող նորամուտի խաղում աչքի ընկնելու հնարավորություն կունենա հենց Լատվիայի դեմ առաջիկա հանդիպման ժամանակ։

























































