Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցի վերջում պատասխանել է նաև կարճ բլից-հարցերի։
Այս ձևաչափով մարզիչը բացահայտել է իր անձնական ֆուտբոլային նախասիրությունները՝ սիրելի խաղացողից ու մարզչից մինչև նախընտրած ակումբ և առաջնություն, ինչպես նաև տվել է հայկական ֆուտբոլի ապագայի հակիրճ, բայց խոսուն գնահատականը։
— Պարոն Մելիքյան, անցնենք բլից հարցերին։ Ի՞նչ է ֆուտբոլը Ձեզ համար։
— Կյանք։
— Ո՞վ է Ձեզ համար ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողը։
— Մեսսին։
— Դե, Մեսսի՞, թե՞ Ռոնալդու հարցի պատասխանն արդեն պարզ է։ Իսկ «Բարսելոնա՞», թե՞ Մադրիդի «Ռեալ»։
— Ավելի շատ՝ «Բարսելոնա»։
— Ֆուտբոլի այս դարաշրջանը Ձեզ համար կհիշվի որպես Ռոնալդուի՞, թե՞ Մեսսիի դարաշրջան։
— Մեսսիի։
— Ձեր ամենասիրելի մարզադաշտը։
— Մեր ազգային մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը։
— Ձեր սիրելի մարզիչը, ում ամենաշատն եք հետևում։
— Պեպ Գվարդիոլան։
— Ո՞րն է Ձեզ համար առավել հիշվող Աշխարհի առաջնությունը։
— Չեմ կարող մեկն առանձնացնել, քանի որ կոնկրետ մեկով չեմ տպավորվել։ Ամեն մի առաջնություն էլ ինձ համար յուրովի հետաքրքիր է եղել։
— Ո՞ր լիգան եք նախընտրում։
— Անգլիայի առաջնությունը։
— Նախընտրում եք հավաքականների՞, թե՞ ակումբային ֆուտբոլ։
— Բարդ հարց է, երկուսն էլ հետաքրքիր են։
— Ինչպիսի՞ն կլինի հայկական ֆուտբոլը տասը տարի անց։
— Եթե բոլորս միասին՝ որպես պետություն, առաջ շարժվենք այնպես, ինչպես հիմա, ապա՝ շատ վատ։ Բայց եթե կարողանանք փոխել իրավիճակն ու ճիշտ աշխատանք տանել, հուսով եմ՝ լավ։
— Բլից հարցերն այսքանն էին։ Եվ ամենավերջում նկատեցի Ձեր ապարանջանը՝ խաչով և սրբապատկերով․ ի՞նչ դեր ունի հավատքը Ձեր կյանքում։
— Առանց հավատքի ես ինձ ուժեղ չեմ զգում։ Կարող եմ ինչ-որ բան հասկանալ կամ չհասկանալ, ինչ-որ պահի գուցե համարձակությունս ու ոգիս չբավարարեն, բայց իմ հավատքն ամենուր պետք է բավարարի, և այն շատ ամուր է իմ մեջ։
— Զգո՞ւմ եք, որ Աստված Ձեր կողքին է։
— Այո, Աստված միշտ իմ կողքին է։ Իսկ եթե հիմա ինչ-որ բան չի ստացվում, ուրեմն Նա ինձ հնարավորություն է տալիս ավելիին ձգտելու, և երբեմն էլ սպասվածից շուտ է տալիս Իր օրհնությունը։
























































