Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Պորտուգալիայի դեմ անցկացրած հանդիպումից քաղած դասերի, Կրիշտիանու Ռոնալդուի գործոնի, երկրպագուների աջակցության և որոշ ակումբների կողմից հավաքականի թեկնածուներին խաղային պրակտիկայից զրկելու խնդիրների մասին։
— Պարոն Մելիքյան, կրկին վերադառնալով Պորտուգալիայի հետ խաղին. ի՞նչ դասեր քաղեցիք և ի՞նչ պլաններ փոխեցիք, որոնք կիրառելու եք Լատվիայի դեմ խաղում կամ ընդհանրապես այս մրցաշարում։
— Պորտուգալիայի հետ խաղից հետո ոչ մի խաղային պլան չեմ փոխել։ Ես լավ գիտեի, թե ում դեմ էինք դուրս գալիս խաղադաշտ։ Հասկանում էի, որ մեր հավաքականն առայժմ պատրաստ չէ նման հզոր մրցակցի հետ պայքարի, բայց մենք պետք է գնայինք ու դիմանայինք։ Դեռ շատ վաղ է նման մակարդակի հավաքականների հետ հավասար մրցակցության մեջ մտնելու համար։ Սակայն այդ հանդիպումից մենք մեծ փորձ ձեռք բերեցինք։ Այն սթրեսը, որ մենք ապրեցինք, մեզ այլևս ոչնչով չի վախեցնի։ Ընդունում եմ՝ շատ վատ ու ցավալի հաշիվ գրանցվեց, բայց դա փորձ էր թե՛ թիմի, թե՛ ինձ համար. որպես ազգային հավաքականի մարզիչ դա ընդամենը իմ չորրորդ կամ հինգերորդ խաղն էր։ Այո, ցավալի էր, բայց դա մեզ անպայման կօգնի հետագայում։
— Երկրպագուներից բացի, Պորտուգալիայի հետ խաղի ժամանակ մարզադաշտը լեփ-լեցուն էր, և կարծես հիմնական գործոնը Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունն էր։ Հոգեբանորեն ճնշո՞ւմ է արդյոք, երբ սեփական երկրպագուները հակառակորդի աստղին են երկրպագում կամ մարզադաշտ են եկել զուտ նրա համար։
— Գիտեք, ես չեմ կարող մեղադրել երկրպագուներին, որովհետև համաշխարհային մեծության աստղ էր ժամանել։ Մենք պարզապես պետք է մեր խաղով, մեր մոտեցումով ու աշխատանքով գրավենք երկրպագուի սիրտը։ Մենք ունենք հավատարիմ երկրպագուներ, որոնք քիչ չեն և ամենադժվար պահին մեր կողքին են։ Երբ խաղն ավարտվեց 0:5 հաշվով, ես տեսա մեր երկրպագուներին. նրանք կանգնած էին ու ընդունեցին այդ ծանր պարտությունը մեզ հետ միասին։ Իսկ նրանք, ովքեր մեր կողքին չեն, մենք ինքներս ենք դրանում մեղավոր։ Պետք է մեր խաղով ստիպենք, որ նրանք մեր կողքին լինեն, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ։
Ուզում եմ խոսել նաև մեր ակումբների մասին։ Մի ակումբ կա, որի անունը հիմա չեմ տա, որտեղ հանդես է գալիս մի ֆուտբոլիստ, որին շատ եմ ուզում հրավիրել հավաքական։ Բայց ակումբը նրան խաղային պրակտիկա չի տալիս, խաղադաշտ դուրս չի բերում։ Արդյունքում տուժում է ազգային թիմը։ Այստեղ լրագրողներն ու երկրպագուները պետք է ներգրավվեն և պահանջեն, որ այդ ֆուտբոլիստները խաղան։ Ես չեմ կարող անձամբ բոլոր ակումբների հետ հարցեր պարզել։ Ինչո՞ւ եք լռում այդ մասին. դուք բոլորդ կարող եք օգնել հավաքականին։
Սա հենց այնպես չեմ ասում, իրական ու դրական օրինակներ ունենք։ Երբ ես աշխատում էի «Փյունիկում», ակումբի այն ժամանակվա նախագահ Արթուր Սողոմոնյանն իմ առջև խնդիր էր դրել ավելի հաճախ օգտագործել հայ ֆուտբոլիստներին, որպեսզի հետագայում նրանք կարողանան խաղալ հավաքականում։ Նա չէր միջամտում իմ աշխատանքին, բայց դա նրա սկզբունքային ցանկությունն էր, և ես այն միշտ հաշվի էի առնում։ Անգամ այն ժամանակ, երբ ֆեդերացիայի հետ լուրջ կոնֆլիկտներ ունեի, փորձում էի հնարավորինս շատ ֆուտբոլիստներ ուղարկել հավաքական։ Անկախ տարաձայնություններից՝ բոլորը պետք է օգնեն ազգային թիմին։ Գուցե հիմա ակումբները որոշ անձնական պատճառներ կամ կոնֆլիկտներ ունեն, չգիտեմ՝ ինչու են այդպես վարվում, բայց չի կարելի այդ ամենը կապել հավաքականի շահերի հետ։
Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի C2 խմբի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Չեռնոգորիայի հավաքականներին, որից հետո արտագնա հանդիպումներ կանցկացնի Կիպրոսի ու Չեռնոգորիայի ընտրանիների հետ։
























































