Անգլիացի վինգեր Էնթոնի Գորդոնը «Բարսելոնայում» հայտնվելուն պես այնպիսի բնական ադապտացիա է անցել, որով վերջին շրջանի քիչ տրանսֆերներ կարող են պարծենալ: Որպես ակումբի գլխավոր ներդրումներից մեկն իրականացված այս տրանսֆերն անմիջապես կապ է ստեղծել նոր միջավայրի հետ. նրա անունն արդեն վանկարկում են «Կամպ Նոուում», իսկ տրիբունաների պաստառները վկայում են այնպիսի ջերմ ընդունելության մասին, որին սովորաբար արժանանում են միայն տարիների վաստակ ունեցող ֆուտբոլիստները: Այս մասին գրում է Sport.es-ը։
Բայց ամենահատկանշականը ոչ թե արտաքին, այլ ներքին ադապտացիան է: Խիստ հիերարխիա և անընդհատ պահանջկոտություն ունեցող հանդերձարանում անգլիացին ինտեգրվել է առանց ավելորդ աղմուկի։ Նրա համեստությունը, կարգապահությունն ու շփվելու ունակությունը հեշտացրել են մի գործընթաց, որը շատերի համար բավականին բարդ է լինում: Լեզվի խնդիրը դեռ կա, բայց ֆուտբոլիստն ամեն օր աշխատում է այն հաղթահարելու ուղղությամբ։
Գորդոնը տարբերվող ֆուտբոլիստ է, որին առաջ է մղում անսպառ հետաքրքրասիրությունը։ Նա տարված է սպորտային հոգեբանությամբ և ազատ ժամանակի մեծ մասը տրամադրում է մրցունակ մենթալիտետի մասին գրքեր կարդալուն։ Նրա սեղանի գրքերից են Թիմ Գրովերի «Winning»-ը, Դեն Քարթերի «The Art of Winning and Leadership»-ը, Դեյվիդ Գոգինսի «Never Finished»-ը, Թոնի Ռոբինսի «Life Force»-ը և Կոբի Բրայանտի հայտնի «Mentality Mamba»-ն։ Նա անգամ կեսկատակ նշել է, որ կցանկանար հանդերձարանում գրքի ակումբ ստեղծել։
Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Էնի Քիթինգը, նրան ճանաչում է մանկությունից և լավագույնս է նկարագրում նրա անսպառ էներգիան։ 2023-ին Գորդոնն անկեղծացել էր.
«Ընկերուհիս կարծում է, որ ես սուր ADHD (ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ) ունեմ, քանի որ չափազանց շատ հոբբիներ ունեմ և պարզապես չեմ կարողանում հանգիստ տեղումս մնալ։ Ես տարվում եմ ամեն ինչով։ Ինչ էլ որ լինի մտքումս տվյալ երկու շաբաթվա ընթացքում, ես գնում եմ դրա համար անհրաժեշտ ամբողջ հանդերձանքը, ուսումնասիրում եմ մինչև վերջին մանրուքը։ Այդպիսին եմ ես»։
Այդ անհանգիստ բնավորությունն էլ ստիպում է նրան փորձել ամեն ինչ՝ շախմատ, թենիս, բոքս կամ որսորդություն:
Շախմատը Գորդոնի համար ոչ միայն ազատ ժամանակն անցկացնելու միջոց է, այլև հոբբի, որում նա բավականին լուրջ մակարդակի է հասել: Նա նաև բիլիարդ ու պոկեր է խաղում, ինչն օգնում է ուղեղը մշտապես ակտիվ պահել:
Անգլիացու ֆիզիկական պատրաստությունը նույնպես տարբերվում է ընդունված ստանդարտներից: Նա հրաժարվում է ուժային ավանդական մարզումներից, քանի որ համարում է՝ դրանք մեծացնում են վնասվածքների ռիսկը: Փոխարենը նախապատվությունը տալիս է ճկունությանը, վերականգնմանն ու մարմնի վերահսկողությանը։ Գորդոնը յոգայով է զբաղվում և ունի կենտրոնացման հատուկ պատրաստվածություն, որը սկսում է խաղից դեռ երկու օր առաջ: Իսկ բոքսը, որով սկսել է զբաղվել դեռ դեռահաս տարիքում՝ Լիվերպուլում, օգնել է նրան ագրեսիան ու մրցունակությունը ճիշտ ուղղորդել դեպի ֆուտբոլային դաշտ:
Նրան շատ է տպավորել «Էվերթոնի» նախկին ավագ Լեյթոն Բեյնսի խորհուրդը. «Never too high, never too low» (Երբեք չափազանց մի ոգևորվիր և երբեք շատ մի ընկճվիր)։ Սա դարձել է նրա էմոցիոնալ գլխավոր ուղեցույցը:
Թեև Գորդոնը սկսել է «Լիվերպուլի» ակադեմիայում, 11 տարեկանից նա հաստատվել է «Էվերթոնում»: Չնայած դրան՝ նրա գլխավոր կուռքը եղել և մնում է Սթիվեն Ջերարդը՝ շրջանցելով անգամ Դևիդ Բեքհեմին: «Գուդիսոն Պարկում» նա աշխատել է Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ, ով սովորեցրել է նրան ֆիլտրել քննադատությունն ու զարգացնել ռմբարկուական բնազդը:
Գորդոնը չի խուսափում հարցազրույցներից ու անհարմար հարցերից: Նա ատում է նախապես պատրաստված ու կեղծ տեքստերը.
«Ինձ շատ է դուր գալիս հարցազրույցներ տալը, որպեսզի երկրպագուներն իմանան՝ ինչ եմ մտածում: Կան ֆուտբոլիստներ, որոնք կարծես ռոբոտ լինեն. միայն PR պատասխաններ են տալիս: Ես դա չեմ սիրում: Նախընտրում եմ անկեղծ լինել: Մենք մարդիկ ենք, ունենք մեր կարծիքը և չպետք է վախենանք այն կիսելուց»,- նշել էր նա 2024 թվականին։
Տաղանդի, կարգապահության և հետաքրքրասիրության այս խառնուրդն օգնեց Գորդոնին իդեալականորեն տեղավորվել «Բարսելոնայում»: Սպորտի նկատմամբ նրա մոտեցումը, նորը սովորելու մոլուցքն ու ցանկացած միջավայրի հարմարվելու ունակությունն արդեն գրավել են կատալոնական ակումբի երկրպագուներին: Առայժմ այս տրանսֆերն անթերի է տեղավորվում «բլաուգրանայի» նոր նախագծում:
























































