«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ մեկ մրցաշրջանում հատել է 1 միլիարդ եվրո եկամտի շեմը՝ սահմանելով ակումբային բացարձակ ռեկորդ:
Ակումբի տարածած պաշտոնական հայտարարության համաձայն՝ 2025/26 մրցաշրջանը նշանավորվել է ֆինանսական բացարձակ ձեռքբերումով. «Բարսելոնայի» պատմության մեջ առաջին անգամ տարեկան եկամուտը հատել է 1 միլիարդ եվրոյի սահմանագիծը:
Ֆինանսական այս հաջողությունը պայմանավորված է մարզադաշտից ստացվող մուտքերի, հաջողված հովանավորչական պայմանագրերի և ակումբային ատրիբուտիկայի ու մարզաշապիկների վաճառքի շարունակական աճով: Այս ցուցանիշը վկայում է կատալոնական գրանդի՝ տնտեսական ճգնաժամից հետո աստիճանաբար վերականգնվելու և կոմերցիոն ներուժն ընդլայնելու մասին:
«Սա հաստատում է «Կամպ Նոուի» հսկայական ապագա ներուժը՝ լիարժեք շահագործման հանձնվելուց հետո։ Աճող եկամուտներին նպաստած մյուս գործոններն էին հովանավորչական մուտքերի շարունակական աճը և BLM դուստր ընկերության միջոցով ակումբային ատրիբուտիկայի վաճառքից ստացված ռեկորդային շրջանառությունը», – ասված է հայտարարության մեջ։
Կատալոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը պաշտոնական նիստում հաստատել է 2025/26 մրցաշրջանի ֆինանսական արդյունքները և նշանակել հերթական Ընդհանուր ժողովի օրը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
























































