Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն բարձր է գնահատել Ռոդրիգո Էրնանդեսի խաղամակարդակը՝ կիսապաշտպանին համեմատելով Լիոնել Մեսսիի հետ։
Իսպանական ընտրանու գլխավոր մարզիչը դարձել է Radio MARCA-ի «Otra Ronda» նոր հաղորդման առաջին հյուրը։ Հարցազրույցի ընթացքում նա խոսել է Ռոդրիի՝ Լա լիգա վերադարձի, Մեսսիի՝ միջազգային կարիերան ավարտելու, ինչպես նաև հավաքականի ձևավորման սկզբունքների ու թիմի հետ աշխատանքի մոտեցումների մասին։
Զրույցի գլխավոր թեմաներից մեկը եղել է հենց Ռոդրին, որը վերջերս է տեղափոխվել «Բարսելոնա»։ Դե լա Ֆուենտեն նրա վերադարձն Իսպանիայի առաջնություն կարևոր իրադարձություն է համարել և չի զսպել գովեստի խոսքերը կիսապաշտպանի հասցեին։
«Ռոդրին իսպանական ֆուտբոլի Մեսսին է»,- հայտարարել է մարզիչը։
Դե լա Ֆուենտեի խոսքով՝ Ռոդրին ընդունակ է հաջողությամբ գործել խաղային տարբեր պայմաններում, քանի որ «աշխարհում լավագույնն է իր դիրքում»։ Միևնույն ժամանակ, մարզիչն հատկապես ուրախ է, որ իսպանացի առաջատար ֆուտբոլիստները վերադառնում են ազգային առաջնություն։
«Ուրախ եմ, որ նման մեծագույն ֆուտբոլիստները հանդես են գալիս Լա լիգայում, որովհետև նրանց շնորհիվ առաջնությունն ավելի ուժեղ է դառնում։ Աշխարհի լավագույն խաղացողները՝ մեր ֆուտբոլիստները, նորից խաղում են այստեղ՝ իսպանական ակումբներում»,- նշել է մասնագետը։
Դե լա Ֆուենտեն հավելել է, որ կցանկանար Լա լիգայում տեսնել նաև իսպանացի այլ հավաքականականների, որոնք այս պահին շարունակում են կարիերան արտերկրում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել էր Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին, որի գույները պաշտպանում էր 2005 թվականից։
























































