France Football պարբերականը պաշտոնապես հայտնել է, թե երբ հայտնի կդառնան ֆուտբոլային աշխարհի գլխավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հավակնորդները։
Մրցանակաբաշխության կազմակերպիչների համաձայն՝ 2025/26 մրցաշրջանի արդյունքներով բոլոր անվանակարգերի հավակնորդների ցանկը կհրապարակվի սեպտեմբերի 8-ին, իսկ բուն հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում։ Այս տարի կկայանա մրցանակաբաշխության հոբելյանական՝ 70-րդ արարողությունը։
Սեպտեմբերի 8-ին կհրապարակվեն հետևյալ անվանակարգերի շորթ-լիստերը․
- «Ոսկե գնդակ» (տղամարդիկ և կանայք)՝ 30-ական հավակնորդ
- Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (տղամարդիկ՝ 10, կանայք՝ 5 հավակնորդ)
- Տարվա լավագույն դարպասապահ (տղամարդիկ՝ 10, կանայք՝ 5 հավակնորդ)
- Տարվա լավագույն մարզիչ (տղամարդիկ և կանայք)՝ 5-ական հավակնորդ
- Տարվա լավագույն հարձակվող (տղամարդիկ՝ 10, կանայք՝ 5 հավակնորդ)
- Տարվա լավագույն ակումբ (տղամարդիկ և կանայք)՝ 5-ական ակումբ
Գլխավոր անհատական մրցանակի համար պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ: Ֆավորիտների թվում են Լամին Յամալը, Հարի Քեյնը, Կիլիան Մբապեն, Մայքլ Օլիսեն և ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիան: Իր տիտղոսը կփորձի պաշտպանել նաև նախորդ տարվա դափնեկիր, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն:
«Ոսկե գնդակը» հիմնադրվել է 1956 թվականին France Football-ի նախկին գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից։ Առաջին դափնեկիրը անգլիացի Սթենլի Մեթյուզն է։ Մրցանակի բացարձակ ռեկորդակիրը արգենտինացի Լիոնել Մեսսին է, ով ճանաչվել է լավագույնը 8 անգամ: 1995 թվականից մրցանակը հանձնվում է ցանկացած ազգության ֆուտբոլիստի, իսկ 2007-ից՝ վերացել են նաև աշխարհագրական բոլոր սահմանափակումները։


























































