«Ունիվերսիտատեա Կրայովայի» նախագահ Պավել Բադեան հուզական և կոշտ հայտարարություններով է հանդես եկել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիայից» կրած դրամատիկ պարտությունից հետո (0-1)։
Երևանում 90+8-րդ րոպեին բաց թողած գոլն ու մրցաշարից դուրս մնալը իսկական շոկ են առաջացրել ռումինական ակումբում։
Բադեան չի թաքցրել իր խորը հիասթափությունը՝ հատուկ շեշտելով, որ չի համակերպվում նման սցենարով պարտության հետ։
«Խաղալ մի թիմի դեմ, որը 90 րոպե վտանգ չի ստեղծել, ու պարտվել մի մրցակցի, որն ակնհայտորեն ցածրակարգ է․․․ Չգիտեմ՝ ինչ ասել, ինձ հոգեպես սպառված եմ զգում։ Մենք պետք է հաղթեինք 3-0 հաշվով, ունեինք հստակ հնարավորություններ, որոնք չկարողացանք իրացնել։ Իսկ մրցակիցը հասնում է հաջողության 98-րդ րոպեին կրկնված 11-մետրանոցով։ Նման անարդարությունից ուղղակի ուզում ես ամեն ինչ թողնել ու հեռանալ ֆուտբոլից: Խելագարվելու բան է»,- նշել է ակումբի նախագահը։
Ռումինացի պաշտոնյան հավելել է, որ իրենց թիմը լավ է խաղացել, դրսևորել է բնավորություն և ամբողջ հանդիպման ընթացքում գերազանցել է «Արարատ-Արմենիային», սակայն ֆուտբոլում միշտ չէ, որ լավագույնն է հաղթում։ Այժմ «Ունիվերսիտատեա Կրայովան» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում:
Հիշեցնենք, որ այս դրամատիկ դիմակայության արդյունքում «Արարատ-Արմենիան» փայլուն կամային որակներ դրսևորեց ու հասավ պատմական նվաճման։ Երևանյան թիմը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը նվաճեց Եվրոպա լիգայի հիմնական՝ լիգայի փուլի ուղեգիր։
























































