Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվազագույն՝ 1-0 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։
Երկու խաղերի արդյունքում հաղթելով 2-1 հաշվով՝ «Արարատ-Արմենիան» նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։
Խաղից հետո իր կարծիքն է հայտնել մրցակցի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Կոելյոն․
«Կարծում եմ՝ մենք խաղադաշտում ավելի լավն էինք։ Գոլ խփելու շատ պահեր ունեցանք։ Բնավորություն ցույց տվեցինք, լավ խաղացինք, բայց մեզ պակասեց ֆուտբոլի ամենակարևոր բանը՝ գոլը։ Երբեմն ֆուտբոլն անարդար է։
Չեմ սիրում խոսել հաջողության կամ անհաջողության մասին, մենք պարզապես արդյունավետ չեղանք դարպասի առջև։ Պետք է շարունակենք աշխատել, որովհետև երկուշաբթի օրը ևս մեկ կարևոր խաղ ունենք։ Մտահոգված չեմ, քանի որ գոլ խփելու բազմաթիվ պահեր ենք ստեղծում։ Շատ լավ ենք խաղում, պետք է շարունակենք նույն մտածելակերպով և շարունակենք աշխատել։
Մեր երկրպագուները միշտ մեզ հետ են, նրանք հրաշալի են։ Այս ակումբը բացառիկ է հենց երկրպագուների շնորհիվ։ Ափսոսում եմ, որ նրանց հնարավորություն չտվեցինք խաղալու Եվրոպա լիգայում։ Ամեն ինչ փորձեցինք, բայց չստացվեց։ Խաղադաշտում ամեն ինչ ճիշտ արեցինք, բայց շատ վրիպեցինք։ Նույնիսկ լրացուցիչ ժամանակ տեղափոխվելն անարդար կլիներ, քանի որ մենք շատ լավ խաղացինք»,- Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆիլիպե Կոելյուն։
























































