ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։
Նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան։
— Առաջնության նախորդ՝ «Արարատ-Արմենիա» — «Սարդարապատ» խաղում Դուք կազմի բավականին մեծ ռոտացիայի դիմեցիք: Ի՞նչ մարզավիճակում են գտնվում ֆուտբոլիստներն այժմ, և արդյո՞ք ֆիզիկապես լիովին պատրաստ են վաղվա հանդիպմանը: Բացի այդ, կխնդրեինք նշել, թե ինչպիսի՞ն է վնասվածք ունեցող խաղացողների վիճակը և պատրա՞ստ կլինեն արդյոք նրանք վաղվա խաղին:
— Իհարկե, որպես խաղերին նախապատրաստություն՝ մենք ունենք գրեթե երկու կազմ, որոնք մասնակցում են տարբեր հանդիպումների, բայց դա միշտ չէ, որ այդպես է լինելու: Այն կազմին, որն անցյալ շաբաթ խաղաց Կրայովայում, մենք գործնականում չօգտագործեցինք առաջնության հանդիպման ժամանակ: Բայց այս մակարդակում հանդես եկող թիմի և մարզչի համար ամենակարևորն այն է, որ բոլոր ֆուտբոլիստները պատրաստ լինեն խաղին: Ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկապես կամ ֆիզիկական վերականգնման տեսանկյունից, այլև տրամադրվածությամբ ու այն խորը համոզմունքով, որ սա բարդ հանդիպում է. խաղ, որը կարող է պատմություն կերտել մեզ ու մեր երկրի համար, ուստի մենք պետք է այն խաղանք բոլորովին այլ, առանձնահատուկ նվիրվածությամբ ու ցանկությամբ:
— Դիմակայության առաջին հանդիպման ժամանակ Տուլիպան թիմի գործողությունները, այսպես ասած, ղեկավարում էր տրիբունայից: Որքանո՞վ էր հեշտ այդպես կառավարել խաղը, և արդյո՞ք դա նրան հաջողվեց՝ հաշվի առնելով, որ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Մենք սովոր ենք տեսնել, որ եթե թիմն առաջին խաղակեսն այնքան էլ հաջող չի անցկացնում, երկրորդում լիովին կերպարանափոխվում է, բայց այդ հանդիպումն, ընդգծեմ, ավարտվեց ոչ-ոքի:
— Բնականաբար, տրիբունայում գտնվելն ինձ համար այնքան էլ հարմարավետ չէ, դա իմ կոմֆորտի գոտին չէ։ Բայց մենք նաև գիտենք, որ մարզիչներն ունեն միջամտության առանցքային կետեր խաղի և նախապատրաստական շրջանի ընթացքում: Երբ մենք թիմին փոխանցում ենք մեր ձեռագիրն ու խաղային գաղափարը, մենք այն նախապատրաստում ենք շաբաթվա ընթացքում, և խաղացողները դաշտ մտնելիս արդեն պետք է հստակ իմանան, թե յուրաքանչյուրն ինչ պետք է անի:
Միջամտության մյուս կարևոր կետն ընդմիջումն է: Ընդմիջմանը մենք կարող ենք կամ նկատողություն անել ֆուտբոլիստներին, կամ տեղեկացնել նրանց, թե ինչ է իրականում կատարվում խաղադաշտում, ինչ ենք ուզում փոխել մեր հարձակողական գործողություններում և ինչ կարող ենք շտկել մեր պաշտպանական դասավորվածության մեջ: Սա նույնպես մարզչի կողմից թիմին օգնելու և գործընթացին միջամտելու բանալի է:
Մյուս պահը, երբ մենք փոխարինումներ ենք կատարում: Փոխարինումների միջոցով մենք ազդակ ենք տալիս թիմին՝ ցանկանում ենք ավելի շատ հարձակվե՞լ, թե՞ պաշտպանվել: Սա շատ կարևոր է, և իմ ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը գիտեն՝ որոնք են մեր գաղափարներն ու կանոնները: Երբ դու դրսում ես, կապը պետք է պահպանվի հեռախոսով… մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջվում այդ ամենն իրագործելու համար, բայց մեր շտաբն աշխատում է համակարգված և ունի ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ խաղին ճիշտ միջամտելու համար:
— Առաջին խաղում մենք տեսանք, որ «Արարատ-Արմենիան» ֆիզիկական տեսանկյունից գերազանցում էր մրցակցին, սակայն հակառակորդը բավականին արագ էր և գնդակով ավելի հաջող էր գործում: Ի՞նչ դրական որակներ կառանձնացնեք մրցակցի խաղում, և հատկապես ի՞նչ շտկումներ պետք է արվեն առաջիկա հանդիպման համար:
— Կարող եմ ասել, որ մեզ համար ամենաբարդն այն էր, որ մրցակիցը պաշտպանվելիս բարձր պրեսինգ էր կիրառում: Ուստի մեր թիմը և այն խաղացողները, ովքեր խաղի կառուցման հարցում ավելի հաստատուն դիրք ունեն՝ կենտրոնական պաշտպանները, երկու կենտրոնական կիսապաշտպաններն ու եզրայինները, պետք է շատ ճիշտ դիրքավորվեն, որպեսզի երբ մրցակիցը փակում է կենտրոնի ազատ գոտիները, մենք կարողանանք եզրերում տարածքային և քանակական առավելություն ստանալ:
Կարծում եմ՝ «Կրայովայի» մեծագույն առավելություններից մեկը հենց դա է, ինչպես նաև իրենց խաղացողների՝ կիսապաշտպանների ու հարձակվողների ֆիզիկական տվյալները, քանի որ նրանք ոչ միայն արագավազ են, այլև ակտիվորեն կոնտակտային ու ֆիզիկական պայքար են մղում մեր ֆուտբոլիստների դեմ: Երբ գործ ունես նման ոճի խաղացողների հետ, որոնք կոնտակտ են փնտրում, մենք պետք է ավելի արագ կարդանք իրավիճակն ու շատ ավելի արագ դուրս գանք այդ դրությունից: Կարծում եմ՝ մենք ունենք համապատասխան ֆուտբոլիստներ՝ նման կերպ խաղալու համար:
Հարձակողական առումով ևս նրանք թիմ են, որը շատ լավ է խաղում եզրերով. նրանց եզրային ֆուտբոլիստները լավ դինամիկա ունեն, քանի որ կենտրոնական պաշտպանը հաճախ գնդակով առաջ է շարժվում՝ ուշադրությունն իր վրա գրավելու համար, իսկ եզրային հարձակվողը հաճախ տեղաշարժվում է կենտրոն՝ մեզ համար խնդիրներ ստեղծելով: Բայց առաջին խաղում մեզ հաջողվեց դա լավ չեզոքացնել՝ փակելով մրցակցի հնարավորությունների այդ պատուհանը:
Նրանց ուժեղ կողմերից է նաև արագ, շատ արագ և կազմակերպված խաղը: Առաջին խաղում մեր կատարած աշխատանքի շնորհիվ, կարծում եմ, մեզ հաջողվեց փակել եզրերը, բայց հաջորդ հանդիպմանը պետք է նաև կարողանանք այդ իրավիճակներն օգտագործել ի նպաստ մեզ՝ հարձակվելով մրցակցի ազատ թողած գոտիներով:
— Նման հանդիպումներում խոսվում է ոչ միայն մարտավարության, այլև հոգեբանության մասին: Ինչպե՞ս եք ֆուտբոլիստներին նախապատրաստում այն մտքին, որ մեկ սխալը կարող է վճռորոշ լինել, հատկապես, որ այս խաղը կարող է պատմական նշանակություն ունենալ հայկական ֆուտբոլի համար:
— Երբ ես եկա, առաջին բանը, որ արեցի, թիմին հենց հոգեբանորեն նախապատրաստելն էր, որպեսզի նրանք միշտ հաղթանակի քաղց ունենան: Դրա վառ ապացույցն այն էր, որ մենք դարձանք Հայաստանի չեմպիոն: Իսկ այդ հաղթանակի արդյունքը Եվրոպայում հանդես գալու հնարավորություն ստանալն է… Եվ չեմպիոնության դրական հետևանքն այն եղավ, որ հիմա մենք Եվրոպայում ավելի լավ թիմ ենք տեսնում:
Ինձ շատ է դուր գալիս այն, որ մենք յուրաքանչյուր դիրքում երկու ֆուտբոլիստ ունենք, և նրանք շատ մեծ նվիրումով են պայքարում հիմնական կազմում իրենց տեղի համար: Անկախ նրանից՝ մենք լավ կխաղանք, թե վատ, կհաղթենք, թե ոչ, ես վստահ եմ, որ մենք խաղադաշտում կցուցադրենք քրտնաջան աշխատանք ու նվիրվածություն: Երբեմն տաղանդն ամենակարևորը չէ. երբեմն շատ ավելի կարևոր են ճիշտ մոտեցումն ու հոգեբանությունը: Այդ տեսանկյունից, կարծում եմ, որ իմ թիմը բավականին մրցունակ է:
— Կարելի է ասել, որ Լիման երկու խաղում փրկեց թիմին պարտությունից՝ թե՛ Լիգայի, թե՛ «Շեմրոկ Ռովերսի» դեմ պատասխան խաղերում դառնալով կարևոր գոլերի հեղինակ: Որքանո՞վ է թիմի խաղը կախված նրանից: Վստահաբար, մրցակիցն ուսումնասիրել է նրա գործողությունները և հատուկ հսկողություն կսահմանի նրա նկատմամբ: Որքանո՞վ դա կխոչընդոտի մեր խաղին, և ո՞վ իր վրա կվերցնի առաջատարի դերը, եթե մրցակցին հաջողվի հուսալիորեն պաշտպանվել նրանից:
— Մենք ամբողջ թիմում ունենք երեք կենտրոնական հարձակվող և երեքին էլ վստահում ենք, բայց Սանտրոն այն ֆուտբոլիստն է, որը թերևս ամենակայունն է: Նա հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում և հաջողություններ է գրանցել: Խոսքը 35-ամյա ֆուտբոլիստի մասին է, բայց ինձ ամենաշատը հիացնում է այն, թե ինչպես է նա հետևում իրեն, ինչպես է կենտրոնանում իր սննդակարգի ու ֆիզիկական պատրաստվածության վրա: Երբ նրան հրավիրում էինք, շատերը տարիքի պատճառով կասկածներ ունեին նրա խաղամակարդակի վերաբերյալ, բայց նա այնքան լավ է պատրաստված ու այնքան կայուն է, որ իսկապես բարձրակարգ ֆուտբոլիստ է:
Շատ կարևոր է նաև այն, որ նա կարողանում է հիանալի համագործակցել թիմակիցների հետ։ Նախկինում մենք շեշտը դնում էինք եզրային հարձակվողների (Շաղոյանի և Սերոբյանի) վրա, բայց Լիմայի գալով մեր հարձակման գիծը շատ է ուժեղացել, և նա հրաշալի է փոխգործակցում վինգերների հետ:
Բացի այդ, շատ խաղերում մենք նախևառաջ ցանկանում էինք հուսալիություն ապահովել դաշտի կենտրոնում՝ խաղալով երեք կիսապաշտպանով, որպեսզի պաշտպանվելիս և գնդակը խլելիս ավելի ինտենսիվ գործենք: Սակայն վերջին խաղում դաշտ դուրս եկավ Վահեն, ով գրեթե երկրորդ հարձակվող է, հարձակողական հակումներով բնութագրվող տիպիկ «տասը համար»: Այս ամենն իր հերթին մեծ ազդեցություն է ունենում հարձակվողի արդյունավետության վրա:
Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ սա թիմային աշխատանքի արդյունք է, և Լիմայի գոլերն էլ ծնվել են հենց թիմային խաղի ու կիսապաշտպանության գծի ճիշտ գործողությունների շնորհիվ: Ի դեպ, Լիման շատ լավ է հանդես եկել նաև տնային խաղերում:
— Պարոն Տուլիպա, նախ հաջողություն ենք մաղթում վաղվա խաղում: Նման կարևոր հանդիպումներից առաջ որոշ մարզիչներ ունենում են հատուկ ռիտուալներ կամ թալիսմաններ: Եթե չեմ սխալվում, ժամանակին դուք արջուկով շապիկ էիք հագնում: Վաղվա խաղին ընդառաջ ունե՞ք նման սովորույթներ, և արդյո՞ք կարևորություն եք տալիս դրանց հանդերձարանում:
— Գլխավոր թալիսմանը, եթե կարելի է այդպես ասել վաղվա խաղի համար, դրական էներգիան է, որն ունի թիմը, որը կմտնի հանդերձարան: Մենք բոլորս իրար հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ուզում ենք այդ տրամադրությունը, այդ էներգիան փոխանցել մեր խաղին: Մինչև հիմա դա մեզ հաջողություններ է բերել, և վստահ եմ, որ վաղն էլ բերելու է։ 29 խաղի ընթացքում ես այդ շապիկը կրել եմ և չէինք պարտվում, պատճառ չունեի փոխելու
(Թարգմանիչը՝ լրագրողին) — Մարտահրավեր ունի մարզիչը, ասում է՝ եթե վաղը հաղթենք, ինքը և դուք սափրվելու եք։
Մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 27-ին, 20:00-ին։



























































