«Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկիի տեղափոխությունը ՊՍԺ խափանվել է։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ փարիզեցիները երեքշաբթի օրը համաձայնության էին եկել ճապոնացի դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ։
Ֆրանսիական ակումբը նույնիսկ մասնավոր ինքնաթիռ է ուղարկել Իտալիա, Սուզուկիի՝ Փարիզ մեկնելու համար։
«Պարման» թույլտվություն է տվել ուղևորության համար։ Սակայն վերջին րոպեին ֆուտբոլիստի ներկայացուցիչների կողմից խնդիրներ են առաջացել։
«Պարմայից» ՊՍԺ տեղափոխման գործարքը չի կայացել, քանի որ միջնորդները իրենց միջնորդավճարը 3 միլիոն եվրոյից բարձրացրել են մինչև 4 միլիոն, իր հերթին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին։ Դա դուր չի եկել ֆրանսիական ակումբին և նրանք դադարեցրել են հետագա գործընթացները։
Նախկինում հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն «Պարմայի» հետ համաձայնության է եկել Սուզուկիի տրանսֆերի շուրջ՝ մոտավորապես 35 միլիոն եվրոյով։

























































