Իտալական «Ռոմայի» լեգենդար հարձակվող և նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին ամփոփել է Աշխարհի 2026 թվականի առաջնության արդյունքները՝ խոսելով մրցաշարի գլխավոր հիասթափությունների, առանցքային խաղացողների և Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի հավերժական հակամարտության մասին:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում հուլիսի 19-ին կմրցեն Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները։
Fonbet յութուբյան ալիքին տված հարցազրույցում, խոսելով մրցաշարի գլխավոր անակնկալների ու ձախողումների մասին, իտալացի լեգենդն առանձնացրել է Նիդերլանդների և Գերմանիայի հավաքականներին։
«Որպես գլխավոր հիասթափություն՝ նախևառաջ կնշեմ Նիդերլանդներին և Գերմանիային: Կարծում էի, որ նրանք կկարողանան շատ ավելի հեռուն գնալ»,- նշել է Տոտին։
Գերմանիան 1/16 եզրափակիչում անակնկալ պարտություն էր կրել Պարագվայից, իսկ Նիդերլանդները նույն փուլում զիջել էր Մարոկկոյին։
Միևնույն ժամանակ, Տոտին հրաժարվել է քննադատել կոնկրետ ֆուտբոլիստների.
«Ինձ դուր չի գալիս առանձնացնել մեկին ու ասել, որ նա վատ է խաղացել։ Ես ինքս խաղացող եմ եղել և հասկանում եմ նրանց հոգեվիճակը: Երբ գործերը վատ են ընթանում, դա ամբողջ թիմի մեղքն է։ Սխալ է մեղքը բարդել մեկ ֆուտբոլիստի վրա»։
Ինչ վերաբերում է ԱԱ-2026-ի գլխավոր հերոսներին, ապա, Տոտիի կարծիքով, փայլել են հենց նրանք, ումից բոլորն ամենաշատն էին սպասում։ Որպես առաջնության առանցքային ֆուտբոլիստների՝ նա նշել է Կիլիան Մբապեին, Լիոնել Մեսսիին, Էրլինգ Հալանդին, Ջուդ Բելինգհեմին և Հարի Քեյնին։
«Նրանք արդյունք ապահովեցին և օգնեցին իրենց հավաքականներին հնարավորինս առաջ գնալ մրցաշարային աղյուսակով»,- ընդգծել է նախկին հարձակվողը:
Անդրադառնալով ժամանակակից ֆուտբոլի երկու հսկաների ելույթներին՝ Տոտին նշել է, որ արգենտինացին այս մրցաշարում իրեն ավելի լավ դրսևորեց։ Արգենտինան նվաճել է եզրափակիչի ուղեգիր, մինչդեռ Պորտուգալիան լքել է պայքարը 1/8 եզրափակիչում:
«Մենք խոսում ենք երկու այլմոլորակայինների մասին։ Տարիներ շարունակ նրանք եղել են ուժեղագույններն ու շուրջօրյա գտնվել են ուշադրության կենտրոնում, ուստի ամեն խաղում և ամեն մրցաշարում պետք է առավելագույնն անեին։ Այս աշխարհի առաջնությունում Մեսսին մի փոքր ավելին արեց, քան Ռոնալդուն»,- եզրափակել է Տոտին։
























































