Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շարունակելու է աշխատել թիմում առնվազն մինչև Եվրո-2028-ի ավարտը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անձամբ գերմանացի մասնագետը։
Տուխելի գլխավորությամբ անգլիացիները հասան ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով զիջեցին արգենտինացիներին։ Առջևում երրորդ տեղի համար հանդիպումն է։ Մարզչի խոսքով՝ սա այն արդյունքը չէր, որին իրենք սպասում էին։
Լրագրողների այն ուղիղ հարցին, թե արդյոք նա կմնա հավաքականում այս պարտությունից հետո, Տուխելը դրական է արձագանքել։
«Մեզ դեռ սպասվում է մի հանդիպում, որին այնքան էլ չենք սպասում, բայց այն կկայանա։ Մենք շարունակում ենք գործել պայմանագրի համաձայն մինչև տնային Եվրոպայի առաջնությունը։ Ես անհամբերությամբ սպասում եմ դրան, թեև հիմա բարդ է այդքան հեռու նայել»,- Տուխելի խոսքերը մեջբերում են Sky Sport-ը։
Գերմանացի մասնագետի պայմանագրի ժամկետը «երեք առյուծների» հետ նախատեսված է մինչև Մեծ Բրիտանիայում կայանալիք Եվրո-2028-ի ավարտը։
Երրորդ տեղի համար Ֆրանսիայի դեմ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 01։00-ին։ Վերջին անգամ անգլիացիները բրոնզե մեդալների համար պայքարել են Ռուսաստանում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնությունում և պարտվել են Բելգիային։




























































