Երևանի «Ալաշկերտը» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպմանը։ Հայկական ակումբի մրցակից ղազախական «Ելիմայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Կարպովիչը նախախաղային ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ երևանյան թիմի եվրոպական հարուստ փորձն ու տակտիկական անկանխատեսելիությունը լուրջ մարտահրավեր են իրենց համար։
Առաջին խաղում (1:1), որը կայացավ Հայաստանում, ղազախական թիմը դժվարությունների էր բախվել մրցակցի մասին տեղեկատվության պակասի պատճառով։ Ըստ Կարպովիչի՝ այն փաստը, որ Հայաստանի առաջնությունը դեռ չի մեկնարկել, մեծապես օգնել է «Ալաշկերտին» թաքցնել իր իրական ներուժը։
«Մեզ համար պատրաստվելն ավելի բարդ էր։ «Ալաշկերտը» դեռ չէր սկսել առաջնությունը, ունի նաև կազմի որոշակի փոփոխություններ նախորդ մրցաշրջանի համեմատ։ Մինչդեռ մեր խաղերը բաց էին և հասանելի ուսումնասիրության համար։ Մենք ոչինչ չէինք կարող թաքցնել մրցակցից, իսկ ահա «Ալաշկերտի» վերաբերյալ ինֆորմացիան շատ քիչ էր», — նշել է ղազախ մասնագետը։
Խոսելով երևանյան թիմի ուժեղ կողմերի մասին՝ Կարպովիչն հատուկ ընդգծել է հայկական ակումբի փորձառությունը միջազգային ասպարեզում.
«Մենք հարգում ենք մրցակցին և գիտակցում նրանց ուժը։ Դա երիտասարդ և դինամիկ թիմ է, որի կազմում, սակայն, կան թե՛ շատ փորձառու ֆուտբոլիստներ, թե՛ հավաքականի խաղացողներ։ Բացի այդ, «Ալաշկերտն» ինքնին շատ ավելի մեծ փորձ ունի եվրոպական արենայում, ինչը նրանց համար ակնհայտ առավելություն է»։
Այնուամենայնիվ, «Ալաշկերտին» Սեմեյ քաղաքում սպասվում է լուրջ ճնշում տրիբունաներից։ Տեղի երկրպագուները երկար են սպասել մեծ ֆուտբոլի և եվրագավաթների վերադարձին իրենց մարզ, և մարզադաշտի բոլոր տոմսերը սպառվել են ընդամենը կես օրվա ընթացքում։
Հիշեցնենք, որ վճռորոշ «Ելիմայ» — «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։ Առաջին խաղում գրանցված ոչ-ոքիից հետո հաջորդ փուլի ուղեգրի հարցը ամբողջությամբ կվճռվի Ղազախստանում:



























































