Կատալոնական «Բարսելոնան» մտադիր չէ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի դիմաց վճարել 100 միլիոն եվրոյից ավելի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն ակումբը պատրաստ է բարելավել առաջարկը միայն լրացուցիչ բոնուսների կամ գործարքում իր ֆուտբոլիստներից որևէ մեկին ներառելու դեպքում։
«Բարսան» կարող է «Ատլետիկոյին» զիջել հետևյալ խաղացողներից մեկին՝ Մարկ Կասադո, Ֆերան Տորես կամ Ռոնալդ Արաուխո, սակայն այն պայմանով, որ ֆուտբոլիստն անձամբ համաձայնի տեղափոխությանը։
Transfermarkt պորտալն Ալվարեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։ Ավարտված մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։
Աշխարհի ընթացիկ առաջնությունում Արգենտինայի հավաքականի կազմում Ալվարեսն անցկացրել է 6 հանդիպում և խփել 1 գոլ։



























































