Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Կլոդ Մակելելեն կիսվել է իր կարծիքով այն մասին, թե հատկապես որ խաղացողին պետք է ձեռք բերեն «սերուցքայինները»։
«Ոչ այնքան վաղուց ես զրուցել եմ Ֆլորենտինո Պերեսի հետ։ Զրույցի ընթացքում ասացի, որ եթե նա ստիպված լինի ամբողջ գումարը ծախսել մեկ խաղացողի վրա, ապա այդ ֆուտբոլիստը պետք է լինի Մայքլ Օլիսեն։ Իր խաղով Օլիսեն մեզ վերադարձնում է մանկություն, երբ մենք հիանում էինք ֆուտբոլով»,- Մակելելեի խոսքերը մեջբերում է Madrid Zone-ը։
Մադրիդի «Ռեալը» տևական ժամանակ է, ինչ հետաքրքրված է 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով, սակայն Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ հրաժեշտ տալ իր աստղային ֆուտբոլիստին։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Օլիսեն բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 52 հանդիպում, 22 անգամ գրավել մրցակիցների դարպասը և կատարել 31 արդյունավետ փոխանցում։

























































