Անգլիական «Սանդերլենդը» պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն ակումբի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:
Անցած մրցաշրջանում 18-ամյա հարձակվողն ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի կազմում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ՝ շարունակելով 2024/25 մրցաշրջանի տպավորիչ ելույթները, որտեղ աչքի էր ընկել 19 արդյունավետ գործողությամբ: Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստի համար նշանավորվեց նաև միջազգային մակարդակում գրանցած կարևոր նվաճումով. Գերագուսյանն առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական՝ իր նորամուտը նշելով մարտին՝ Բելառուսի դեմ կայացած խաղում:
Առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելուց հետո հայ հարձակվողը կիսվել է տպավորություններով.
«Շատ հպարտ եմ ինձնով: Մարզիչներն ու ակումբի ողջ անձնակազմն ինձ շատ են օգնել: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ընտանիքիս, որն աջակցել և ոգեշնչել է ինձ այս ընթացքում: Ես հիանալի հնարավորություններ և անգնահատելի փորձ եմ ձեռք բերել, և հուսով եմ՝ այս մրցաշրջանում դրանք էլ ավելի շատ կլինեն»:
«Սանդերլենդի» ակադեմիայի ղեկավար Ջոն Հյուիթսոնը նույնպես խոսել է Գերագուսյանի առաջընթացի մասին.
«Ֆիննը հսկայական աճ է գրանցել վերջին մի քանի մրցաշրջանների ընթացքում, ինչն առաջին հերթին նրա քրտնաջան աշխատանքի և նվիրվածության վկայությունն է։ Մենք շատ ուրախ ենք, որ նա կշարունակի իր զարգացումը մեր ակումբում»։




























































