«Կոմոն» չի պատրաստվում բավարարել «Ռեալի» պահանջները Նիկո Պասի տրանսֆերի հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը որոշել է օգտվել արգենտինացի կիսապաշտպանի՝ 9 միլիոն եվրոյով տրանսֆերի հետգնման իրավունքից։ Միաժամանակ «Կոմոն» մինչև երկուշաբթի առաջնահերթ իրավունք ունի 60 միլիոն եվրոյով ամբողջությամբ ձեռք բերելու ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։
Այսօր երկու ակումբների ներկայացուցիչների միջև բանակցություններ են կայացել, որոնց ընթացքում պարզ է դարձել, որ «Կոմոն» պատրաստ չէ վճարել պահանջվող 60 միլիոն եվրոն՝ ինչպես ֆինանսական ֆեյր-փլեյի սահմանափակումների, այնպես էլ ակումբի դիրքորոշման պատճառով։
Իրավիճակին շարունակում է հետևել նաև «Ինտերը», որը պատրաստ է փորձել ձեռք բերել Նիկո Պասին, եթե «Կոմոն» վերջնականապես հրաժարվի պայքարից։























































