Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իրաքի նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո նշել է, որ չի մտածում աշխարհի առաջնություններում Լիոնել Մեսսիի խփած գոլերի ռեկորդի մասին։ Այդ խաղում ֆրանսիացիների ավագը դարձել էր դուբլի հեղինակ:
«Ես չեմ մտածում լավագույն ռմբարկուի տիտղոսի մասին, — Մբապեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը: — Ինձ համար ամենակարևորը թիմային ուժեղ խաղն է, որպեսզի կարողանանք վստահ լինել մեր ուժերին: Ես միշտ գոլեր եմ խփել աշխարհի առաջնություններում, այնպես որ անհանգստանալու առիթ չունեմ: Նախևառաջ ցանկանում եմ, որ որպես թիմ առաջընթաց գրանցենք. եթե ուզում ենք հասնել մինչև վերջ, մեզ լուրջ փորձություն է սպասվում»:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք իր և նույնպես դուբլի հեղինակ դարձած Մեսսիի միջև անվերջանալի սագա է սկսվել աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն դառնալու համար, Մբապեն պատասխանել է.
«Ո՛չ, ոչ մի սագա էլ չկա։ Լեոն միշտ գոլեր է խփել, նա հիմա էլ է խփում և միշտ էլ կխփի։ Չեմ նայում, թե ինչ է նա անում, այլապես ստիպված կլինեի ավելին անել։ Ես կենտրոնանում եմ միայն իմ թիմի վրա: Երբ գոլեր ես խփում, ինքնըստինքյան մոտենում ես այդ մակարդակին, բայց կրկնում եմ՝ ինձ համար շատ ավելի կարևոր է հետևել Ֆրանսիայի հավաքականի առաջընթացին»։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Արգենտինան ԱԱ-2026-ի երկրորդ տուրում 2:0 հաշվով հաղթել էր Ավստրիային։ 38-ամյա Մեսսին այդ խաղում դարձել էր դուբլի հեղինակ՝ հռչակվելով մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու։ 27-ամյա Մբապեի ակտիվում այս պահին կա 16 գոլ աշխարհի առաջնություններում։
Արգենտինայի հավաքականը տարել է երկրորդ անընդմեջ հաղթանակը և 6 միավորով գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը՝ արդեն իսկ ապահովելով իր տեղը ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում:
























































