Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Ֆրանսիա — Իրաք հանդիպման երկրորդ խաղակեսը մեկնարկել է ավելի քան երկու ժամ տևած հարկադիր դադարից հետո։
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքի «Լինքոլն Ֆայնենշել Ֆիլդ» մարզադաշտում ընթացող խաղի առաջին կեսի վերջնամասում հորդառատ անձրև էր սկսվել։ Ընդմիջմանը հայտարարվել էր վտանգի նարնջագույն մակարդակ՝ ամպրոպի և կայծակի պատճառով: Նահանգի անվտանգության օրենքների համաձայն՝ խաղացողների վերադարձը խաղադաշտ և հանդիպման վերսկսումը պետք է հետաձգվեր:
Սկզբում հայտարարվել էր, որ երկրորդ խաղակեսի մեկնարկը կհետաձգվի 15 րոպեով, ապա՝ մեկ ժամով, սակայն նոր կայծակների և անբարենպաստ եղանակի պահպանման պատճառով ընդմիջումը ձգվեց ավելի քան երկու ժամ:
Խաղադաշտից ավելորդ ջուրը հեռացնելուց հետո միայն ֆուտբոլիստներին թույլատրվել է վերադառնալ դաշտ և նախավարժանք անել։ Դրանից հետո հանդիպման գլխավոր մրցավար, կանադացի Դրյու Ֆիշերն ազդարարել է երկրորդ խաղակեսի մեկնարկը:
Հիշեցնենք, որ այս պահին հաշիվը 1:0 է՝ հօգուտ ֆրանսիացիների: Հանդիպման միակ գոլը 14-րդ րոպեին հեղինակել է թիմի ավագ Կիլիան Մբապեն՝ Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո: 27-ամյա հարձակվողը տուգանային հրապարակի սահմաններից դուրս ձախ ոտքի դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է իրաքցիների դարպասի ձախ անկյունը:
























































