ՊՍԺ-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին կկանգնի քրեական դատարանի առաջ: Այս մասին հայտնում է ֆրանսիական առաջատար L’Equipe պարբերականը՝ հղում անելով Վերսալի վերաքննիչ դատարանի քննչական պալատին։
Դատախազությունը Հակիմիին մեղադրանք էր առաջադրել դեռևս 2023 թվականի մարտին։ Ֆուտբոլիստը մեղադրվում է 24-ամյա աղջկա բռնաբարության մեջ, ով ոստիկանություն էր դիմել նույն տարվա փետրվարին։ Վերսալի վերաքննիչ դատարանը մերժել է Հակիմիի բողոքարկումը և հաստատել գործի փոխանցումը քրեական դատարան՝ համարելով, որ առկա ապացույցների բազան միանգամայն բավարար է գործին ընթացք տալու համար։ Սպասվում է, որ դատական առաջին նիստը կկայանա առաջիկա ամիսներին։
Հակիմին սոցիալական ցանցերում անդրադարձել է իրեն առաջադրված ծանր մեղադրանքին՝ հանդես գալով էմոցիոնալ հայտարարությամբ.
«Արդարադատությունն աչքերիս մեջ նայեց և ասաց. «Եթե դու հայտնի չլինեիր, այս գործը երբեք չէր լինի»։ Ես նախընտրեցի տարիներ շարունակ լռել։ Կարծում էի, որ արժանապատվությունս պահելով, համբերություն ցուցաբերելով և արդարադատությանը վստահելով՝ մենք կհասնենք ճիշտ որոշումների։
Այսօր հանրությանը հրամցվում է մի պատմություն, որն իմը չէ, որը վնասում է իմ ընտանիքին, իմ կյանքին և, ամենակարևորը, ճշմարտությանը։ Երբեմն ինձ թվում է, թե ես հեշտ թիրախ եմ դարձել բոլորի համար: Ես առաջին իսկ օրվանից սպասել եմ այս դատավարությանը և հիմա անհամբերությամբ եմ սպասում դրան: Վերջապես ես կկարողանամ խոսել»,- գրել է 27-ամյա ֆուտբոլիստը։
Նշենք, որ Աշրաֆ Հակիմին այս օրերին Մարոկկոյի ազգային հավաքականի ճամբարում է և մասնակցում է 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։




























































