Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ԱԱ-2026-ին ընդառաջ ծավալուն հարցազրույց է տվել՝ խոսելով գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի ապագայի, մրցաշարի նպատակների, Արգենտինայի հետ հնարավոր ռևանշի և առաջիկա մրցակցի մասին։
Մբապեն անկեղծացել է, որ պատրաստ է զոհաբերել իր անձնական վիճակագրությունը հանուն Ֆրանսիայի հաղթանակի: Այն հարցին, թե արդյոք նա համաձայն կլինի ավարտել մրցաշարն առանց խփած գոլերի, եթե Ֆրանսիան երաշխավորված դառնա աշխարհի չեմպիոն, հարձակվողը պատասխանել է.
«Ես պատրաստ եմ հենց հիմա ստորագրել դրա տակ: Ընդ որում՝ անջնջելի մարկերով»:
57-ամյա Դիդիե Դեշամը, ով Ֆրանսիան գլխավորում է 2012 թվականից և 2018-ին թիմին հասցրել է չեմպիոնության, պաշտոնապես հաստատել է, որ ԱԱ-2026-ից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Մբապեն հույս է հայտնել, որ մասնագետն այլ հավաքական չի գլխավորի.
«Նրան հարգանքի տուրք մատուցելու լավագույն միջոցը Աշխարհի առաջնությունում հաղթելն է, քանի որ նա սիրում է հաղթել։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի սա լինի նրա լավագույն վերջին մրցաշարը։ Ես լսել եմ Իտալիայի մասին խոսակցությունները… գիտեք, դա տգեղ կլիներ։ Թող իտալացիներն իտալացու ընտրեն։ Դիդիեն ֆրանսիացի է, նա մերն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Անդրադառնալով 2022 թվականի ԱԱ եզրափակչի ցավալի հիշողություններին ու Արգենտինայի հետ նոր հնարավոր հանդիպմանը (Կատարում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ, բայց արգենտինացիները հաղթեցին 11-մետրանոցներով)՝ հարձակվողը կարճ և վստահ պատասխան է տվել.
«Մենք վճռական կլինենք և հաղթանակի հանդեպ քաղցած՝ ինչպես միշտ»:
Ֆրանսիան իր մրցելույթներն ԱԱ-2026-ում կսկսի հունիսի 16-ին՝ մրցելով Սենեգալի հավաքականի հետ։ Մրցակցի մասին խոսելիս աստղային ֆուտբոլիստը մի փոքր շփոթվել է.
«Մենք հանդիպում ենք Աֆրիկայի չեմպիոնների հետ… Թեև, ճիշտն ասած, չգիտեմ, թե ով հաղթեց Աֆրիկայի գավաթի եզրափակչում՝ Մարոկկո՞ն, թե՞ Սենեգալը։ Եկեք ասենք, որ Սենեգալն է չեմպիոնը»:
ԱԱ-2026-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականն ընդգրկված է նույն խմբում Սենեգալի, Նորվեգիայի և Իրաքի հետ։ Աշխարհի առաջնությունն անցկացվում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը՝ 48 հավաքականների մասնակցությամբ։























































