UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի կանոններով հերթական գոտեմարտը կանցկացնի Ղազախստանի ներկայացուցիչ Քուաթ Խամիտովի հետ։
Այս մասին հայտնում է RAF (Real American Freestyle) կազմակերպության մամուլի ծառայությունը։ Դիմակայությունը կկայանա միջին քաշային կարգում՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվելիք RAF-ի դեբյուտային մրցաշարի շրջանակում։
Այսպիսով, 29-ամյա Ծառուկյանը կազմակերպության հովանու ներքո արդեն երեք հաստատված գոտեմարտ ունի առաջիկայում։ Արդեն հունիսի 13-ին նա ուժերը կչափի լեգենդար ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ, հուլիսի 11-ին կմրցի Խամիտովի, իսկ հուլիսի 18-ին՝ Քոլբի Քովինգթոնի դեմ։ Նշենք, որ մինչ այս Ծառուկյանը շատ հաջող է հանդես եկել RAF-ում՝ անցկացրած 5 գոտեմարտում տոնելով նույնքան հաղթանակ։
Ինչ վերաբերում է մարզիկների պրոֆեսիոնալ ուղուն, ապա Ծառուկյանի ակտիվում կա 23 հաղթանակ (15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն։ Խոշորագույն լիգայում՝ UFC-ում հայ մարտիկը հանդես է գալիս 2019 թվականի ապրիլից։
Նրա նոր մրցակիցը՝ 38-ամյա Քուաթ Խամիտովը, խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2011 թվականին։ Ղազախստանի ներկայացուցիչն իր հաշվին ունի 28 հաղթանակ (8-ը՝ նոկաուտով), 8 պարտություն և 2 ոչ-ոքի։



























































