Դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը վերջնականապես հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» և մշտական հիմունքներով համալրել իտալական «Նապոլիի» շարքերը։ Այս տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանը հարձակվողն արդեն իսկ անցկացրել էր նեապոլյան թիմում՝ վարձակալական հիմունքներով։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում հասցրել է մասնակցել 44 հանդիպման՝ դառնալով 16 գոլի հեղինակ և ամրապնդելով իր դիրքերը իտալական ակումբում։
Ավելի վաղ եվրոպական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Նապոլին» ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերի դիմաց կվճարի շուրջ 44 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ իտալական «Ատալանտայից»։ Մանկունիացիների կազմում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում հարձակվողն ընդհանուր առմամբ մասնակցել է 95 հանդիպման՝ դառնալով 26 գոլի հեղինակ։



























































