Բրազիլիայի հավաքականի, «Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կակայի նախկին կինը՝ Կարոլինա Սելիկուն, հերքել է իրեն վերագրվող խոսքերն այն մասին, թե իբր ապահարզանի է դիմել ֆուտբոլիստի՝ «չափազանց իդեալական» լինելու պատճառով։
Տարիներ առաջ համաշխարհային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լայն տարածում էին գտել կնոջ արտահայտությունները, ըստ որոնց՝ նա որոշել էր բաժանվել Կակայից հենց այդ անսովոր պատճառաբանությամբ։
«Երկար ժամանակ ես լռում էի, բայց հիմա հասկանում եմ, որ այլևս չեմ կարող։ Ոչ, ես երբեք չեմ ասել, որ բաժանվել եմ Կակայից՝ իմ ավագ երեխաների հորից, քանի որ նա չափազանց իդեալական էր։ Դուք, հավանաբար, տեսել եք այդ արտահայտությունը որպես մեմ կամ իմ դեմ ուղղված հարձակում, և ես կբացատրեմ ձեզ, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- նշել է Սելիկուն իր սոցցանցերում արված գրառման մեջ։
Նրա խոսքով՝ այդ խոսակցությունները հայտնվել են արտասահմանյան տաբլոիդներում որպես 2022 թվականին իր տված հարցազրույցի լրագրողական սխալ մեկնաբանություն.
«Բայց դրանք իմ բառերը չեն և երբեք չեն եղել։ Այդ լեգենդը տարածվեց բազմաթիվ կայքերով թե՛ Բրազիլիայում, թե՛ ամբողջ աշխարհում որպես իմ մեջբերում, իբր ես եմ դա ասել։ Նման բան երբեք չի եղել։
Այս ամենը սկսեց տարածվել այն ժամանակ, երբ ես հղի էի կրտսեր որդիովս, խնամում էի ավագ երեխաներիս և շատ էի աշխատում իմ ընկերությունում։ Մի օր ես արթնացա և կարդացի այդ սուտը։ Ոմանց համար դա կարող է նույնիսկ անհեթեթություն թվալ, բայց պատկերացրեք. իմ ընտանիքի վերականգնումից, հղիությունից և երջանկությունից հետո ինձ սկսեցին շատ քննադատել ու վիրավորել:
Ես ենթարկվում էի կնատյաց և դաժան հարձակումների, իմ կերպարն օգտագործվում էր դասընթացներ և ապրանքներ վաճառելու, ուշադրություն գրավելու և մաչոյական դիսկուրսների համար։ Եվ դա շարունակվում է մինչ օրս»,- հավելել է Կակայի նախկին կինը։

























































