Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն մոտ կանգնած Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին մրցակցություն կպահանջվի Դանիել Կարվախալի՝ ակումբից հեռանալուց հետո։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետն այդ դիրքն ուժեղացնելու համար որպես առաջնահերթ տարբերակ դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» աջ պաշտպան Դիոգու Դալոտին։
Մոուրինյուն վստահ է, որ իր հայրենակիցը համապատասխանում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու բոլոր պահանջներին։ Ընդգծվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 մլն եվրո, ինչը լիովին գոհացնում է «արքայական ակումբին»։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դալոտը մանչեսթերյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Խաղացողի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt պորտալի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։
























































