Իտալիայի Ա Սերիան առաջնության ավարտից մեկ տուր առաջ պաշտոնապես հրապարակել է 2025/2026 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների և մարզչի անունները։
Մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։ Ռումինացի մասնագետը միլանյան թիմը գլխավորել էր 2025 թվականի հունիսին և այս մրցաշրջանում թիմին հասցրել է ինչպես երկրի չեմպիոնության, այնպես էլ Իտալիայի Գավաթի նվաճմանը։ Մինչ այդ նա աշխատել էր «ներաձուրիների» երիտասարդական թիմերում և «Պարմայում»։
Իտալիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։ Եզրային պաշտպանը մրցաշրջանի ընթացքում կատարել է 18 գոլային փոխանցում՝ գերազանցելով մրցաշարի բացարձակ ռեկորդը, որը նախկինում պատկանում էր Ալեխանդրո Գոմեսին (16)։
Լիգայի լավագույն հարձակվող է ճանաչվել Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»)։ Արգենտինացին անցկացրել է 29 հանդիպում, դարձել 17 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Այլ անվանակարգերի հաղթողները․
Լավագույն կիսապաշտպան՝ Նիկո Պաս («Կոմո»)․ արգենտինացին 35 խաղում դարձել է 12 գոլի և 6 ասիստի հեղինակ:
Լավագույն պաշտպան՝ Մարկո Պալեստրա («Կալյարի»)․ իտալացին մասնակցել է 36 հանդիպման, դարձել 1 գոլի և 4 ասիստի հեղինակ։
Լավագույն դարպասապահ՝ Միլե Սվիլար («Ռոմա»)․ մայրաքաղաքային թիմի դարպասապահը 37 հանդիպումներից 17-ում դարպասը պահել է անառիկ՝ բաց թողնելով ընդհանուր 31 գնդակ։
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Քենան Յիլդիզ («Յուվենտուս»)․ թուրք ֆուտբոլիստը դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ 37-րդ տուրից հետո «Ինտերը», որն ավելի վաղ ժամկետից շուտ ապահովել էր չեմպիոնական տիտղոսը, 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Նապոլիի» նկատմամբ միլանյան թիմի առավելությունը կազմում է 13 միավոր։

























































