Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է ակումբի շուրջ ստեղծված խոսակցություններին և թիմի ներկայիս վիճակին՝ հերքելով ճգնաժամի մասին լուրերը։
Մայիսի 10-ին կայացած Լա Լիգայի 35-րդ տուրում «արքայական ակումբը» 0:2 հաշվով զիջել էր «Բարսելոնային», ինչի արդյունքում կատալոնացիները ժամկետից շուտ հռչակվել էին Իսպանիայի չեմպիոն: Արդեն մայիսի 14-ին մադրիդցիները 36-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունեն «Օվիեդոյին»։
Նախախաղային ասուլիսի ժամանակ Արբելոան անկեղծորեն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ռեալը» հասել է հատակին.
«Մենք հատակի՞ն ենք: Ինձ զարմացնում է այս հարցը: Այդ դեպքում ի՞նչ են անում մյուս ակումբները: Մեզ մոտ այնպես չէ, որ 50 տարի ոչ մի տիտղոս չենք նվաճել: Ակնհայտ է՝ եթե «Ռեալն» այսօր գտնվում է այնտեղ, որտեղ կա, դա իր բարձր չափանիշների և ստեղծված իրավիճակից երբեք չբավարարվելու շնորհիվ է։ Չգիտեմ՝ արդյոք այստեղ որևէ մեկը կհամարձակվի ասել, որ հաջորդ տարի «Ռեալը» ոչինչ չի հաղթի: Ես նման բան հաստատ չեմ ասի»։
Խոսելով թիմի ներսում առկա մթնոլորտի և հնարավոր խնդիրների մասին՝ իսպանացի մասնագետը հավելել է.
«Ինձ համար անհասկանալի է անկայունության կամ հանդերձարանում պառակտման այս զգացողությունը: «Ռեալն» արդեն տևական ժամանակ շատ բաներ ճիշտ է անում. ակումբը ֆինանսապես կուռ է, գրագետ է կառավարվում և ունի հիանալի ֆուտբոլիստներ: Վստահ եմ՝ ամռանը ղեկավարությունն անհրաժեշտ վերլուծություն կիրականացնի՝ կազմն ուժեղացնելու և «Ռեալն» էլ ավելի անպարտելի դարձնելու համար»։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում մադրիդցիները մնացել են առանց տիտղոսների։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում թիմը սենսացիոն պարտություն էր կրել «Ալբասետեից» (2:3), Սուպերգավաթի եզրափակիչում զիջել էր «Բարսելոնային» (2:3), իսկ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում երկու խաղերի արդյունքում դուրս էր մնացել պայքարից՝ զիջելով Մյունխենի «Բավարիային» (1:2, 3:4):
























































