Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» Լա Լիգայի 35-րդ տուրում սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ և ժամանակից շուտ ապահովեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը 2025/2026 մրցաշրջանում:
Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 91 միավոր՝ 14 միավորով գերազանցելով Ալվարո Արբելոայի գլխավորած «Ռեալին» (77 միավոր), երբ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 տուր: Սա «կապտանռնագույնների» 29-րդ չեմպիոնությունն էր պատմության մեջ, երկրորդն անընդմեջ և երրորդը՝ ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո:
«Բարսան» այս պահին աներևակայելի մարզավիճակում է. թիմը Իսպանիայի առաջնությունում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Հատկանշական է նաև Հանս-Դիտեր Ֆլիկի փայլուն վիճակագրությունը. գերմանացի մասնագետի գլխավորությամբ կատալոնացիները Մադրիդի «Ռեալի» հետ 7 խաղում տարել են 6 հաղթանակ: Ընդ որում, «Բարսելոնան» սեփական հարկի տակ չի պարտվել «Ռեալին» 2023 թվականի հոկտեմբերից ի վեր:
Լա Լիգայի հաջորդ տուրում (մայիսի 13-ին) նորընծա չեմպիոնը արտագնա խաղում կմրցի «Ալավեսի» հետ, իսկ «Ռեալը» մեկ օր անց տանը կընդունի «Օվիեդոյին»:
























































